Աբգար Ռետյան
1920 - 1960 թվականներ
Աբգար Ռեթյանը 20-րդ դարի առաջին կեսին Եգիպտոսում ստեղծագործած ամենանշանակալի լուսանկարիչներից մեկն էր: Ցավոք՝ քիչ բան է հայտնի հեղինակի կյանքի ու գործունեության մասին, և չնայած իր բեղուն ստեղծագործությանը՝ քիչ լուսանկարներ են պահպանվել: Ըստ նրա ընտանիքի հաղորդման՝ նա գաղթել է Թուրքիայի Ամասիա քաղաքից, և 19-րդ դարի վերջին բնակություն է հաստատել Ալեքսանդրիայում: Ռեթյանը աշակերտում է Արամ Ալբանին, իսկ երբ նրա ավագ գործընկերը որոշում է տեղափոխվել Եվրոպա, ստանձնում է վերջինիս արհեստանոցի ղեկավարությունը Ալեքսանդրիայում. արդյունքում՝ 1920-ների կեսերից մինչև վաղ 1940-ականները հաստատությունը պահպանում է Ալբանի անունը (1):
Արհեստանոցային դիմանկարչության մեջ հետամուտ լինելով Ալբանի ոճին՝ Աբգարն աստիճանաբար որդեգրում է լուսանկարչության ավելի նատուրալիստական ու քնարական մոտեցում, որը շատ ավելի նրբանկատ էր եգիպտական լանդշաֆտի ու մարդկանց իր դիտարկման մեջ: Հնարավոր է, որ նա ազդված է եղել 1930-ականների ընթացքում Ամերիկայում ու Ֆրանսիայում ծագած վավերագրական լուսանկարչության միտումներից:
Ռեալիստական այս մտապատկերը հաճախ հակառակվում էր այնպիսի մրցակիցների արհեստանոցային դիմանկարչության չափազանց ոճականացված մեթոդին, որը հանդիպում ենք, օրինակ, Վան Լեոյի և Անգելոյի մոտ: Այն փաստը, որ Աբգարը, քաջատեղյակ լինելով արվեստի միտումներից, ինքն իրեն դիրքավորում է՝ իբրև արվեստագետ,կարելի է բացատրել վերջինիս ընտրած թեմաներով՝ ամենօրյա կյանք, համեստ բնապատկերներ և սովորական մարդիկ: Թեև նրա ստեղծագործությունը պահպանում է այդ շրջանի լուսանկարչությանը բնորոշ ռոմանտիկ ոգին, այն լիովին զուրկ է զգայացունց ու էկզոտիկ աուրայից, որը բնորոշ է 19-րդ դարի ու վաղ 20-րդ դարի լուսանկարչությանը:
Երբ 1940-ականներին Ալբանը վերադառնում է Եգիպտոս, իր ընկերոջ և նախկին գործընկերոջ հետ մրցակությունից խուսափելու համար բնակություն է հաստատում Կահիրեում: Արհեստանոցըվերանվանելով իր անունով՝ Աբգարը շարունակում է հաջող գործունեություն ծավալել մինչ 1960-ականների կեսերը: 20-30-ականների լուսանկարների մեծ մասը, որոնք «Ալբան» արհեստանոցի կնիքն են կրում, իրականում Ռեթյանի աշխատանքներն են:
1) Տես Gilbert Beaugé, Egypt: Dreams and Realities, Aujourd'hui l'Egypte, 1993, p.1924
Ազգություն
եգիպտացի, հայ
Տարածաշրջան
Եգիպտոս
Քաղաք
Ալեքսանդրիա
Լուսանկարչատուն
Ափգար
Մասնագիտացում
գեղարվեստական, լուսանկարչատուն, վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Beaugé, Gilbert. Egypt: Dreams and Realities, Aujourd'hui l'Egypte, 1993, p.1924
Golia, Maria. Photography and Egypt, Reaktion books, London, pp.98-101
Հավաքածուներ
Ամերիկյան Համալսարան, Կահիրե, Եգիպտոս։ Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան