Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Պողոս Հակոբի Պողոսյան

1941 - 2016

1960 - 2000 թվականներ

Դեռ փոքր տարիքից լուսանկարչությամբ տարված Պողոսյանը սովորել է Երեւանի պիոներ պալատի լուսանկարչական խմբակում` Քաջիկ Սեւանցյանի մոտ: Սուր դիտոկաղանությամբ օժտված պատանին շուտով անցնում է աշխատանքի որպես թղթակից քրդական Ռիա-Թազա թերթում իսկ 1961-ից պաշտոնական հաստիք է ստանում «Կոմսոմոլեց» թերթում։ 1965-ին Վահագն Դավթյանից առաջարկ է ստանում «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում աշխատելու և երկար տարիներ ծառայում է որպես այդ պարբերականի գլխավոր լուսանկարիչը։ Նրա աշխատանքները տպագրվել են տեղական գրեթե բոլոր ամսագրերում և թերթերում իսկ դրանցից շատերը մինչ օրս լայն ճանաչում են վայելում հանրության լայն շրջանակներում։ Հայրենական լուսանկարչության մեջ իր ավանդի համար Պողոսյանը պարգևատրվել է Մշակույթի նախարարության ոսկե մեդալով 2011 թվականին։ 

Իր գործնեության երկար տարիներին Պողոսյանը անդրադարձել է վավերագրական և գեղարվեստական լուսանկարչության գրեթե բոլոր ժանրերին։ Ռեպորտաժային լուսանկարչության մեջ հատկապես առանձնապես հաջող են նրա փողոցային, ակնթարթային լուսանկարները որոնցում լուսանկարիչը ցուցաբերել է հատկանշական պահը որսալու իր գերազանց ունակությունները։ Նա ներկա էր Հայաստանի Հանրապետությունում կայացած գրեթե բոլոր խոշոր միջոցառումներին, արդյունքում ստեղծելով վավերագրական մեծ արժեք ներկայացնող ահռելի լուսանկարչական արխիվ։ Նրա այդ կարգի աշխատանքներից առանձնապես մեծ համբավ է բերել Վիլյալ Սարոյանի` 1976 թվականի Հայաստանյան այցը վավերագրող շարքը։ Պետք է նշել որ ֆոտոռեպորտաժի բնագավառում Պողոսյանը առաջիններից է ով կիրառել է գունավոր լուսանկարչությունը Հայաստանում։ Այդ իսկ պատճառով նրան վստահվել են մի շարք մեծածավալ ֆոտո-ալբոմների լուսանկարչությունը, մասնավորապես «Էջմիածնի գանձերը» (1984թ.) մեծածավալ գունավոր ալբոմը որը կարելի է համարել թանգարանային լուսանկարչության լավագույն օրինակը հայրենական լուսանկարչության պատմության մեջ։ Կյանքի վերջին տասնմյակում խորացել է հենց այդ բնագավառում, 1992-ին դառնալով հաստիքային լուսանկարիչ Հայաստանի Պատմության Թանգարանում։ 

Պողոսյանի ժառանգությունը բազմապլան և բազմանկյուն է։ Իրեն հուզող թեմաների վրա նա կարող էր աշխատել երկար ժամանակ, փորձելով ներկայացնել ուշադրության տակ գտնվող կերպարը կամ երևույթը բազմաթիվ անկյուններից։ Ինչպես և շատ ուրիշ խորհրդահայ լուսանկարիչներ, նրա աշխարահայցքին բնորոշ է բանաստեղծականությունը։ Սակայն Պողոսյանին ներհատուկ տեսլականը առավել մտերմիկ է և զուրկ շինծու էպիկականությունից։ Դա ավելի ակնհայտ է իր ոչ ռեպորտաժային, էտյուդային գործերում որոնցում հաճախ տիրում է երազային, մեղմ լուսաստվերային էֆֆետկներով հագեցած մթնոլորտը ուր Պողոսյանը փորձել է արտահայտել մարդու ու բնության ներդաշնակ կապը։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն

Մատենագրություն

Կարապետյան, Ռոբերթ։ «Լուսանկարի վարպետը` Պոսոս Պողոսյանը», 25.12.2014, www.hairenikweekly.com https://hairenikweekly.com/2014/11/25/19889

Պողոսյան Պողոս (լուս.)։ Էջմիածնի գանձերը, Մայր աթոռ Սբ. Էջմիածին, 1984

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ283

Ցուցահանդեսներ

2011: Անհատական ցուցահանդես, Փարիզ սրճարան, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից