Գագիկ Ցոլակի Նահապետյան
1942 - 2006
1960 - 1990 թվականներ
Գագիկ Նահապետյանի գեղարվեստական ձգտումները վաղ են դրսևորվել։ Դպրոցը ավարտելուց հետո նա փորձել է ընդունվել Փ. Թերլեմեզյանի անվ. ուսումնարանը։ Այդ չհաջողվելով, աշակերտել է լուսանկարիչ Շանթին իր Երևանյան տաղավարում։ Որոշ ժամանակ անց, 1966-ին Նահապետյանը տեղափոխվել է Տալին, ուր նույնպես աշխատել է կենցաղսպասարկման ֆոտո տաղավարում։ (1) Այդտեղ նա նաև սերտորեն ծանոթացել է Բալթյան ժամանակակից լուսանկարչությանը, ուր գերիշխում էր եվրոպական ուշ-արդիությանը ներհատուկ մոտեցումները։ Տալինում գտնված տարիներին, Նահապետյանը սկսում է համադրել վավերագրական ու սուբյեկտիվ լուսանկարչության հատկությունները` ձգտելով իրականության ավելի անհատական ներկայացմանը։
1972-ին վերադառնալով Երևան սկսել է ակտիվորեն աշխատակցել գրեթե բոլոր տեղական պարբերականներին, հատկապես «Գարուն», «Սովետական Հայաստան» և «Հայաստանի բնություն» ամսագրերին։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Նահապետյանը շարունակել է զբաղվել իր մասնագիտությամբ` որպես ազատ լուսանկարիչ։
Անկախ թեմայից, Նահապետյանի լավագույն աշխատանքները պարունակում են դրամատիկական մեծ ուժ։ Ուշադրություն դարձնելով ավելի պարզ ու հասարակ մոտիվների, լուսանկարիչը ջանացել է գտնել ու արտահայտել առօրեականում թաքնված վեհությունը։ Ուժգին կոնտրաստներով արված նրա պատկերները ձգտում են գրեթե խորհրդանշական կարգավիճակի` ուր բնության, պատմության և հասարակ կենցաղի առարկաններն ու տեսարանները ստանում են էպիկական հնչեղություն։
1) Կենսագրական տվյալները ըստ Վահան Քոչար։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, էջ 257
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
վավերագրական, ֆոտոթղթակից
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, էջ 257
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան