Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Լեոնիդ Վահրամի Մայիլյան

1937 - 1987

1950 - 1980 թվականներ

Հայաստանի լուսանկարչական ասպարեզում Լեոնիդ Մայիլյանը հայտնվել է 1960-ականների սկզբին։ Նա այն երիտասարդ, սիրող լուսանկարիչներից էր որոնք իրենց առաջին փորձերը արել են «Երևան» ֆոտո-խմբակում և ուշադրության են արժանեցել հանրապետական մրցույթ-ցուցահանդեսների միջոցով։(1) «Սովետսկոյե Ֆոտո» ամսագրի՝ Հայաստանի լուսանկարչությանը նվիրված համարում վերատպվելուց հետո, Մայիլյանը սկսել է թղթակցել պարբերական մամուլին և նրա ռեպորտաժային կադրերն ու գեղարվեստական բնույթի աշխատանքները բազմիցս վերատպվել են «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Սովետական Արվեստ», «Հայաստանի աշխատավորուհի» և այլ պարբերականների էջերին։ Լուսանկարչական գործնեությանը համատեղ, Մայիլյանը նաև ռուսաց լեզու ու գրականություն է դասավանդել է Երևանի պետական համալսարանում, որտեղ նա ավարտել է բանասիրական ֆակուլտետը։(2)

Լուսանկարչի` քաղաքային կյանքը պատկերող ֆոտոէտյուդները, առանձնանում են իրենց կոմպոզիցիոն լուծումների անսպասելի համարձակությամբ ու երիտասարդության թեմայի մեկնաբանումների ազատությամբ։ 1960-70-ականներին արված այդ լուսանկարներում երեխաններն ու պատանիները սովորաբար ներկայացված են սոցիալ-քաղաքական անմիջական համակարգից անդին, իսկ քաղաքն ու բնությունը հառնում են որպես նրանց հույզերի և տենչանքների փորձարկման բեմ։ Իր կերպարներին որսելով դինամիկ շարժման ու գործողության մեջ, լուսանկարչի այդ գործերը ակնբախ են դարձնում խորհրդային մշակույթի դարձը դեպի սուբյեկտի անահատական ինքնության և ներարշխարհի վերաիմաստավորումը։ 

Գործածելով լույս ու ստվերային բարձր հակադրություններ, Մայիլյանը հաճախ դիտարկում էր իր առարկան սուր և շեղ տեսանկյուններից, հետևաբար անկայունացնելով դիտորդի հայացքն ու իրականության ճակատային ընկալումները։ Փոխարենը` ինչպես 1920-ականների եվրոպական ու ռուսական ավանգարդի ներկայացուցիչները, նա ընդգծում է լուսանկարչության գործոնը որպես աշխարհը նորովի պատկերացնելու և տեսնելու միջոց։ Գաղափարախոսության և պրոպագանդայի «բեռը» թոթափած այս գործերում ակնհայտ է ոչ միայն 1960-ականների խրուսչովյան «Ձնհալի» մշակութային ազատականությունը, այլև տեղացի լուսանկարիչների վարանոտ փորձերը վերադարձնելու լուսանկարչությունը դեպի արվեստի տիրույթ։ 

1) «Фотолюбители Армении», Советское фото, հ.7, 1965, էջ 14

2) Արման Գասպարյան, «Լ. Մայիլյանի հիշատակին նվիրվածլուսանկարների ցուցահանդես», www.armenpress.am, 20.06.2006, https://armenpress.am/arm/news/423990/bacvec-C3BDotolragrox-l-mayilyani-hishatakin-nvirvats-------.html

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Մայիլյան, Աննա։ Լեոնիդ Մայիլյան, Սաղմոս Մշակութային Կենտրոն, Երևան, 2006

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 231

«Фотолюбители Армении», Советское фото, հ.7, 1965, էջ 14«Фотолюбители Армении», Советское фото, հ.7, 1965, էջ 14

Ցուցահանդեսներ

2006։ Լեոնիդ Մայիլյան, հետահայաց ցուցահանդես, Հայաստանի Ազգային Պատկերասրահ, Երևան, հունիսի 20-?

Այլ նկարներ այս հեղինակից