Ռաֆաիլ Աբրամովիչ Մազելև
1911 - 1975
1930 - 1970 թվականներ
Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին Ռաֆաիլ Մազելևը աշխատել է որպես ՏԱՍՍ-ի Լենինգրադյան բաժնի ֆոտոխրոնիկայի թղթակից: Նրա` պաշարված Լենինգրադը ներկայացնող վավերագրական լուսանկարները հետագայում բազմիցս վերատվել են խորհրդային ամսագրերում և պատերազմին նվիրված ֆոտոալբոմներում: 1945 թվականին ճամփորդել է Բեռլին ու լուսանկարել ֆաշիստական մայրաքաղաքի գրավումը Կարմիր բանակի կողմից: Այսուհետ Մազելևը կենտրոնացել է հիմնականում ուրբանիստական և տուրիստական լուսանկարչության վրա: Համագործակցելով տարբեր հրատարակչությունների հետ, ստեղծել է գունավոր ալբոմներ Լենինգրադի, Սարատովի, Կիևի, ինչպես նաև Երևանի մասին: Մազելևի «Երևանն ու նրա շրջակայքը» լուսանկարչի վերջին մեծ նախագիծն է: Եռալեզու գունավոր ալբոմում զետեղված են քաղաքի ամենադիտարժան վայրերը, կառույցները և տեսարանները: Դրանցից շատերը այսօր գոյություն չունեն կամ անճանաչելիորեն կերպարանափոխվել են, ուստի այդ լուսանկարները այսօր ունեն մեծ պատմական արժեք: Ալբոմում շեշտը դրված է ճարտարապետության և իրենց գեղատեսիլ հատկություններով գրավող տեսարանների վրա: Համարյա աննկատ է ու տեղ տեղ կարծես իսպառ բացակայում է տեղացի բնակիչը: Խորհրդային օրիենտալիզմին ներհատուկ այս մոտեցումը ստեղծում է արևելյան քաղաքի մի պատկեր որը կարծես թե գոյություն ունի զուտ որպես տուրիստական հանգրվան, իր տարօրինակ, հիբրիդային ճարտարապետությամբ և հինավուրց լանդշաֆտով: Ֆոտոալբոմը ուներ բազմահազարանոց տպաքանակ և երկար տարիներ հանդիսանում էր Երևանին նվիրված ամենահանրաճանաչ գրքերից մեկը:
Ազգություն
ռուս
Տարածաշրջան
ԽՍՀՄ, ՌԽՖՍՀ
Քաղաք
Լենինգրադ
Մասնագիտացում
վավերագրական, ֆոտոթղթակից
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Мазелев, Р. А.: Ленинград. Виды города, ИЗОГИЗ, Ленинград, 1963
Мазелев, Р. А.: Ереван и его окрестности, Аврора, Ленинград, 1973