Արամ Կազանջյան
1900 - 1940 թվականներ
Արամ Կազանջյանը ծնվել է 1880-ականների սկզբում և գաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 16 տարեկան հասակում։ Փարիզում սովորելիս նա տեղեկանում է որ ծնողները զոհվել են Համիդյան ջարդերի ժամանակ և այնտեղից ուղևորվում է դեպի Ամերիկա։ Հաստատվելով Բոստոնում, Կազանջյանը խորանում է լուսանկարչության մեջ և մի քանի տարի անց հիմնում է «Արամ» անունով իր առաջին լուսանկարչատունը՝ 160 Տրեմոնտ փողոց հասցեում։(1) Բոստոնում անկասկած ծանոթացել է իր հայրենակից` հայտնի լուսանկարիչ Ջոն Գարոյին, ում մոտ նա հավանաբար աշխատել է իր գործնեության սկզբնական շրջանում։ 1905-ին մասնակցել է տեղական լուսանկարչական մրցույթի և շահել առաջին մրցանակը։(2) 1914-ին կնոջ և երեխաների հետ տեղափոխվում է Նյու Յորք։ Նոր՝ «Կազանջյան» լուսանկարչատունը շուտով դառնում է Մանհեթենի հեղինակավոր լուսանկարչական տաղավարներից մեկը։ Այն գտնվում էր 5-րդ պողոտայի վրա՝ քաղաքի ամենակարևոր ուղանցումներից մեկում՝ որտեղ տեղակայված էին քաղաքի գլխավոր հասարակական և մշակույթային հիմնարկներից շատերը։ Կազանջյանի հաճախորդների թվում էին Նյու Յորքի մեծահարուստները, ինչպես նաև անվանի դերասաններ, քաղաքական գործիչներ և արվեստագետներ։ 1920-ականների նրա մոտ իբրև որպես օգնական է աշխատել աշխարահռչակ ամերիկյան լուսանկարիչ Դորոթեա Լանգը։(3) Կազանջյանի դուստրը՝ ամերիկյան ռադիոյի և հեռուստատեսության դերասանուհի Արլին Ֆրանցիսն է։ 1930-ականներին տաղավարը անվանափոխվում է «Կեյդեն-Կազանջյան»։ Հավանական է, որ Կեյդենը եղել է Կազանջյանի որդին կամ մեկ այլ բարեկամանական կապ ունեցող գործընկեր, սակայն Կազանջյան արվեստանոցի լուսանկարների անփոփոխ ոճական առանձնահատկությունները թույլ են տալիս ենթադրել, որ Արամը՝ գեղարվեստական առումով, մնում էր լուսանկարչատան գլխավոր ղեկավարն առնվազն մինչև 1940-ականների վերջերը։
Որպես «վերնախավի» լուսանկարիչ՝ Կազանջյանի լուսանկարչությունն ընդհանուր եզրեր ունի 1920-40-ականներին մեծ տարածում գտած «արտ նուվո» և «արտ դեկո» ոճական ուղղություների հետ։ Մակերեսային գեղեցկությունը շեշտադրող այս ոճավորումը նրա դիմանկարներին հաղորդում է գովաբանական և շողոքորթող հատկություններ։ Մեղմ տոնային անցումներով և փափուկ ստվերներով պարուրված իր լուսանկարները նաև ցուցում են Կազանջյանի` 17-րդ դարի հոլանդական դիմանկարչության հանդեպ հակումը։ Թոշակին անցնելուց հետո Կազանջյանն ամբողջովին տվրում է գեղանկարչությանը, նկարելով սիրողական բնույթի քաղաքային բնանկարներ և դիմանկարներ։(4)
1) Marc A Mamigonian, The Armenians of New England: Celebrating a Culture and Preserving a Heritage, Armenian Heritage Press, 2004, էջ 196-197
2) The Photographic Times, Volume 38, Photographic Times Publishing Assn., 1906, էջ 432
3) Kerry Acker. Dorothea Lang, Infobase publishing, 2004, էջ3
4) Francis, Arlene with Florence Rome. Arlene Francis: A Memoir. New York: Simon & Schuster, 1978, pp. 4
Ազգություն
ամերիկացի, հայ
Տարածաշրջան
ԱՄՆ, Օսմանյան Կայսրություն
Քաղաք
Ստամբուլ (ծն.), Բոստոն, Նյու Յորք
Լուսանկարչատուն
Կազանջյան
Մասնագիտացում
գեղարվեստական, լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
The Photographic Times, Volume 38, Photographic Times Publishing Assn., 1906, էջ 432
Francis, Arlene with Florence Rome. Arlene Francis: A Memoir, Simon & Schuster, New York, 1978, էջ 4–5
Mamigonian, Marc A. The Armenians of New England: Celebrating a Culture and Preserving a Heritage, Armenian Heritage Press, 2004, էջ 196-197
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան; Մետրոպոլիտեն Թանգարան, Նյու Յորք