Գաբրիել Խատիսյան
1831 - 1898
1850 - 1860 թվականներ
Գաբրիել Խատիսյանը հայտնի է որպես մանկավարժ և բնագետ։ Բազմակողմանի կրթություն ստանալով Լազարյան ճեմարանում (1845-47) և Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանում (1848-51) նա վերադարձել է Թիֆլիս և դասավանդել է Ներսիսյան դպրոցում (1852-55), ինչպես նաև հիմնել է մասնավոր կրթական պանսիոն (1852-58) ուր հաճախել են հայ մշակույթի ապագա շատ գործիչներ։ Նամակագրական ու ընկերական կապ է ունեցել Խաչատուր Աբովյանի և այլ հայ լուսավորչական գործիչների հետ։ Խատիսյանը տարված էր ճշգրիտ գիտություններով` հատկապես քիմիայով և աստղագիտությամբ։ Քիչ հայտնի փաստ է որ Մոսկվայում կամ Դորպատում ուսանելու տարիներին նա նաև ծանոթացել է լուսանկարչական դեռևս նորամուտ տեխնիկաներին, մասնավորապես Ֆոքս Տալբոտի հայտնագործած կալոտիպային տպագրության եղանակին։ Փոքր ինչ այլ եղանակով է արված Խատիսյանի առ այսօր հայտնի միակ լուսանկարը որը պատկերում է Էջմիածնի վանական համալիրն ու լիճը։ 1850-ականներին ստեղծված այս աղային տպածոն (salt print) այդ տեխնիկայով արված եզակի պահպանված նմուշն է հայ լուսանկարչության պատմության մեջ, ինչպես նաև հայ լուսանկարչի կողմից արված ամենավաղ թվագրվող լուսանկարներից մեկը։
«Էջմիածնի վանքը»` ոչ մեծ չափերի լուսանկարը, ներկայացնում է պատմական հուշարձանը վեդուտային ջրաներկի տեսքով։ Պատկերը օվալաձև է և ունի դասական, բրգաձև կոմպոզիցիա, որի կենտրոնում Մայր տաճարի գմբեթն է։ Պարուրված մշուշոտ մթնոլորտում, հուշարձանի շրջակայքը զուրկ է արդի կյանքի որևէ նշույլից ու կառույցը ասես թե սառած լինի ժամանակի մեջ։ Այն նման է անապատային տեսիլքի, ինչը հատկապես ընդգծված է լճի մեջ արտացոլված նրա աղոտ ուրվագծով։ Այսպիսով, ճարտարապետական կառույցը հառնում է որպես պատմության ծալքերից ի հայտ եկած անուրջ, ինչը չափազանց բնորոշ է այդ ժամանակաշրջանում գերակշռող «հնեաբանական» լուսանկարչության տեսլականին։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Ռուսական Կայսրություն, Վրաստան
Քաղաք
Թիֆլիս
Մասնագիտացում
գեղարվեստական, վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Խատիսյան, Գաբրիել։ «Իմ ճանապարհորդութեան յիշատակարանից», Փորձ, 1880 հ. 3
Ստեփանյան, Գառնիկ։ Կենսագրական բառարան, հատոր Բ, Սովետական Գրող, Երևան, 1981, էջ61
Հավաքածուներ
Պահպանենք Հայկական Լուսանկարչական Արխիվները նախագիծ, Վաթերթաուն, ԱՄՆ