Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Գուրոս (Գուրգեն Պարոնյան-Հովսեփյան)

1905 - 1981

1920 - 1940 թվականներ

Գուրգեն Պարոնյանը սերում է Գորիսի հայտնի ազնվական` Մելիք-Օհանյանների տոհմից։ Չնայած նա իր ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել է գեղանկարչությանը` ինքնուրույն վարժվելով այդ բնագավառում, Գուրոսը արվեստի ասպարեզ է մուտք գործել որպես լուսանկարիչ, 22 տարեկան հասակում։ (1) Կենտրոնանալով ազգագրական, պատմագրական և բնանկարչական թեմաների վրա, Գուրոսը ջանաբար արձանագրել է իր հայրենի քաղաքի և Սյունիքի շրջանի կենցաղը, մշակույթն ու պատմա-ճարտարապետական միջավայրը։ Նրա լուսանկարների շնորհիվ այսօր հնարավոր է բավականին հստակ պատկերացում կազմել սյունեցիների առօրյա կյանքի ու սովորույթների մասին։ Չափազանց արժեքավոր են նաև Գուրոսի լուսանկարած գյուղական տեսարաններն ու համայնապատկերները, որոնք այդ համայքների` այժմ իսպառ կորած նախնական տեսքի անփոխարինելի տեսողական փաստարկներն են։ Այդ լուսանկարները գիտական շրջանառության մեջ են մտել գրեթե անմիջապես և հրատարակվել են տարբեր հետազոտողների` օրինակ Երվանդ Լալայանցի կողմից։  

Պարոնյանի պատկերները այնուամենայնիվ չեն սահմանվում ազգագրական լուսանկարչության չոր, զուտ փաստագրական և ըստ այդմ` օրիենտալիստական չափանիշներով։ Դրանցում առկա է արվեստագետի անմիջական կապը իր ենթակաների հետ, որոնք ներկայացված են որպես պատկառելի ավանդույթներ կրող անհատներ և ոչ թե լոկ անհետացող մշակույթի մնացորդներ։ Այնուամենայնիվ, Գուրոսի լուսանկարները միտված են նաև ցուցադրելու նախահեղափոխական կյանքը Հայաստանում որպես հետամնաց և փոփոխության կարոտ երևույթ։ Արդյունաբերական տնտեսության մուտքը Սյունիք նույնպես արձանագրվել է լուսանկարչի կողմից` բավականին անաչառ ներկայացնելով «հին կյանքի» փոխակերպումը սոցիալիստական իշխանությունների ներքո։ 

Գուրոսը նաև սպասարկում էր տեղի բնակչությանը, պատրաստելով Գորիսցիների տաղավարային դիմանկարներ իր, 1928-ին բացված լուսանկարչատանը։ Այդ հաստատությունը գործել է Գորիսում մինչև 1932-ը, որից հետո Գուրոսը տեղափոխվում է Երևան և աշխատանքի անցնում Գիտահետազոտական ինստիտուտում որպես լուսանկարիչ։ Սակայն գեղանկարչության հանդեպ իր մեծ սերը, նրան դրդում են թողնել լուսանկարչությունը 1938֊ին և ամբողջովին նվիրվել կերպարվեստին։ Նա բավականին լուրջ հաջողություն է ձեռք բերում այդ բնագավառում, դառնալով Հայաստանի նկարիչների միության անդամ (1939-ից) իսկ ավելի ուշ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965)։ Սյունիքի բնությունն ու կենցաղը շարունակել է գերակշռել իր գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներում որպես պատկերման առարկա։ Այսօր ակնհայտ է որ ռեալիստական սուր հայացքով ու կերպարային անհատականությունն որսալու ունակությամբ օժտված լուսանկարիչը շատ ավելի թույլ և պահպանողական ձևով է իրեն դրսեվորել որպես գեղանկարիչ։ Ըստ այդմ, Գուրոսի լուսանկարչական ժառանգությունը` բացի իր անհերքելի փաստագրական նշանակությունից, կարելի է նաև համարել խորհրդահայ վավերագրական լուսանկարչության կայացման շրջանի առավել հետաքրքիր ու յուրօրինակ էջերից մեկը։

1) Ե. Հովհաննիսյան։ Գուրոս, անհատական ցուցահանդեսի կատալոգ, Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 1968

 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Գորիս, Երևան

Մասնագիտացում

լուսանկարչատուն, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Հարությունյան, Վահան։ Գուրոս, անհատական ցուցահանդեսի կատալոգ, Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 1980

Հովհաննիսյան, Ե.։ Գուրոս, անհատական ցուցահանդեսի կատալոգ, Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 1968

 

Ցուցահանդեսներ

1968։ Անհատական ցուցահանդես (գեղանկարչություն), Հայաստանի նկարչի տուն, Երևան

1980։ Անհատական ցուցահանդես (գեղանկարչություն), Հայաստանի նկարչի տուն, Երևան

2018։ Գուրոս. գեղանկար և լուսանկարչություն։ Անհատական ցուցահանդես, Զվարթնոց պատմա-մշակութային արգելոց-թանգարան

Հավաքածուներ

Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան; Հայաստանի պատմության ազգային թանգարան, Երևան; Սիսիանի երկրագիտական թանգարան

Այլ նկարներ այս հեղինակից