Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Անի Գևորգյան

ծն․ 1988

2000 - 2010 թվականներ

2009-ից ի վեր Անի Գևորգյանը աշխատել է Հայաստանի տարբեր լրատվական կայքերի և տպագիր պարբարականների հետ որպես ֆոտոթղթակից։ Ավարտելով Սլավոնական Համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը, Գևորգյանը հաճախ համատեղում է լուսանկարչությունն ու արվեստային պրակտիկան` լրագրողական աշխատանքի և քաղաքական ակտիվիզմի հետ։ 

Ըստ արվեստագետի, լուսանկարչական խցիկը նա սկսել է գործածել «Հայք» օրաթերթում որպես լրագրող աշխատելու առաջին տարիներին։ Գևորգյանը հիշում է որ, «բողոքի ակցիաների ժամանակ միշտ բռնություններ էին լինում, ոստիկաններ էին հարձակվում երեխեքի վրա... ծեծ ու ջարդ էր լինում. ու հետո երբ սկսեցի նկարել էդ բաները, նկարները սկսեցին թերթերում հրապարակվել ու էդ մարդկանց հնարավոր եղավ ճանաչել, պատասխանատվության ենթարկել կամ գոնե հանրային ձևով խայտառակել։ Արդյունքում սկսեցի հասկանալ թե ոնց կարող է ֆոտոն ֆիքսել փաստն ու դառնալ փաստաթուղթ»։(1) Լուսանկարի փաստագրական գործառույթը կարևորելով հանդերձ, Գևորգյանի վավերագրական լուսանկարները շատ արագ աճել են ռեպորտաժային ձևաչափից անդին։ Լուսանկարչի համար գնալով ավելի էական է դարձել ոչ այնքան իրադարձության կամ փաստարկի «որսումը», որքան դրա մեկնաբանումը որոշակի քաղաքական ու հատկապես գեղագիտական անկյան ներքո։ Գերադասելով սև-սպիտակ պատկերի հնարավորությունները, Գևորգյանը մղում է նկարահանված միջադեպը դեպի իր լուսանկարների եզրերն, ու հաճախ նաև դրանց սահմաններից դուրս։ Այսպիսով, լուսանկարը դառնում է կամ կատարվածի ակընկալիք, կամ` դրա հետևանք։ Սույն մոտեցմամբ, հեղինակը բացահայտում է լուսանկարչության նշանակությունը, որպես իրականության զգայական ընկալում ու տեսողական վերլուծություն։ Թերևս այդ իսկ պատճառով նրա ռեպորտաժային պատկերներից շատերը շարունակում են գործել փոխաբերական մակարդակում երբ դրանց ճանաչողական ու լրատվական արժեքը կորցնում է իր հրատապությունը։

Որպես լրագրող, շուրջ տաս տարի ներգրավված լինելով տարբեր ակտիվիստական, քաղաքացիական պայքարներում, Գևորգյանը զուգահեռաբար համագործակցել է նաև արվեստային նախագծերին։ Այդ ոչ կիրառական համատեքստում, նրա մինիմալիստական գործերի ակնհայտ հղումը դեպի 1920-ականների արևմտյան ավանգարդային լուսանկարչության ավանդույթները ստանում են նոր հնչեղություն։ Բերելով արդի քաղաքական իրականությունը ժամանակակից արվեստի դաշտ, Գևորգյանը մատնանշում է որ այդ բևեռները ունեն ոչ միայն ընդհանրություններ այլ նաև ունեն իրար փոխակերպելու ներուժ։

Գևորգյանն այժմ համագործակցում է «Հետք» օրաթերթի հետ և իր վավերագրական գործնեությանը զուգահեռ ղեկավարում է սեփական ֆոտո-արվեստանոցը որն իրագործում է կոմմերցիոն պատվերներ։

1) Արվեստագետի հետ առցնաց նամակգրությունից, 14-15 հոկտեմբերի, 2018թ.

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

թվային լուսանկարչություն

Ցուցահանդեսներ

2011։ «Ճգնաժամ», ՆՓԱԿ, Երևան 

2011։ «Հենց այդպես», Միջազգային Բիենալե, Գյումրի

2012։ «9 արտիստ +20 տարի», ՆՓԱԿ, Երևան 

2013։ «Ազատագրի ժամանակը», ՆՓԱԿ, Երևան 

2013։ Ալտերնատիվ Արվեստի Փառատոն, ՆՓԱԿ, Երևան 

2014։ Ալտերնատիվ Արվեստի Փառատոն, ՆՓԱԿ, Երևան  

2015։ «Ապրելու կամքը», Միջազգային Բիենալե, Գյումրի

2015։ «Միգրացիա», ՆՓԱԿ, Երևան

2015։ «Going Public», NEUE OSTEN պատկերասրահ, Դրեզդեն

2016։ «Կենսահաստատման երկիր», Գալենց թանգարան, Երևան, Գյումրի, Վանաձոր

2019։ «Ցուցիչներ», անհատական, ՆՓԱԿ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից