Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ռոբեր Գարաքաշյան

1870 - 1920 թվականներ

Ռոբեր Գարաքաշյանը «Caracachian Freres» լուսանկարչատան հիմնադիրն է։ Առաջին քայլերը կոմերցիոն լուսանկարչության բնագավառում արել է հույն լուսանկարիչ Պանզապուլոյի հետ միասին։ Այսուհետ, 1870-ականների սկզբում նա հիմնում է Ռ. Գարաքաշյան լուսանկարչատունը Կոնստանդնուպոլսի 677 Տեկե հասցեում, որը 1891-ին վերանվում է եղբայրների միասնական անունով։ Տաղավարը մասնագիտացված էր «զվարճալի» դիմանկարների ժանրում և հիմնականում մատակարարում էր զբոսաշրջիկների շուկան։ Լուսանկարչատանը կարելի էր կերպարանափոխվել տարբեր արևլյան հանդերձներով ու տարազներով։ Գարաքաշյանները նաև արտադրում էին ազգագրական և «տիպային» բնույթի կոլեկցիոն լուսանկարներ որոնք հավակնում էին ցույց տալ Օսմանյան Կայսրության բազմաէթնիկ բնակչության կենցաղը և մասնագիտությունները։ Այս փոքր չափսերի «կաբինետային քարտերը» նույնպես նախատեսված էին օտար այցելուների համար։ Գարաքաշյանների առավել հետաքրքիր լուսանկարներից են քաղաքի դերասանների և արտիստների դիմանկարները իրենց թատերական հանդերձներում, ինչից կարելի է ենթադրել որ լուսանկարչատունը համագործակցում էր Ստամբուլի թատերական հաստատությունների հետ։
1890-ականների սկզբում Գարաքաշյանների գործատունը փոխում է իր հիմնական ուղղությունը՝ դառնալով լուսանկարչական սարքերի և պարագաների վաճառատուն։ Կենտրոնանալով սիրողական (մասայական) շուկայի վրա, նրանք մատակարարում են էժանագին տեսախցիկներ, պատրաստի նեգատիվներ և թղթեր։ Լուսանկչության մասսայականացման հետ համընթաց, Գարաքաշյանների գործը սրնթաց աճ է ապրում։ Ամենայն հավանականությամբ եղբայրները դադարել են զբաղվել ինքնուրուն լուսանկարչական աշխատանքով հենց 19-րդ դարի վերջին։

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Կոնստանդնուպոլիս

Լուսանկարչատուն

Գարաքաշյան Ֆրեր

Մասնագիտացում

լուսանկարչատուն, կոմմերցիոն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Bahattin Oztuncay, The Photographers of Constantinople, vol 1, pp315-319

Այլ նկարներ այս հեղինակից