Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հայկ Հարությունի Բիանջյան

ծն․ 1977

1990 - 2010 թվականներ

Լուսանկարչության հանդեպ իր սերը Հայկ Բիանջյանը ժառանգել է իր պապուց` լուսանկարիչ Լևոն Բիանջյանից։ 1995-ին ընդունվելով պետական մանկավարժական ինստիտուտի նկարչական ֆակուլտետը, Բիանջյանը միաժամանակ զբաղվել է լուսանկարչությամբ, իսկ 2000֊ից ակտիվորեն սկսել է վավերագրել Երևանի պատմաճարտապետական հուշարձանները և խորհրդային շրջանի կառույցները։ 2000-ականներին, քաղաքի հիմնային վերակառուցման ընթացքում կործանված բազմաթիվ շենքերի ու տարածքների այդ պատկերները այսօր մնում են դրանց գրեթե միակ վավերագրությունները։ Ձգտելով ավելի հմտանալ իր մասնագիտության մեջ, Բիանջյանը 2005-ին հաճախել է Ռուբեն Մանգասարյանի վարած լրագրողական լուսանկարչության դասընթացներին։ Այդուհանդերձ աշխատել է որպես ազատ ֆոտոթղթակից, համագործակցելով մի շարք լրատվական կայքերի հետ։ 

Սակայն Բիանջյանի լուսանկարչական պրակտիկայի առանցքն է կազմում ուրբանիստական, «արխիվային» լուսանկարչությունը, որի միջոցով նա փորձում է արձանագրել անհետացող պատմության, ժամանակի ու մշակութային տարածքների վերջին հետքերը։ Դրա հետ մեկտեղ, լուսանկարիչը նաև կազմել է Երևանի 19-րդ և 20-րդ դարերի պատմությանը առնչվող առարկաների ու լուսանկարների մեծ հավաքածու, որոնք պարբերար ներկայացրել է տարբեր հանրային տարածքներում «Ciao USSR» խորագրի ներքո։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 118

Ցուցահանդեսներ

1999։ «Աշխարհն իմ աչքերով», անհատական ցուցահանդես, Հայկական Կարմիր Խաչ, Երևան

2000։ Գյումրիի Բիենալե

2001։ «Բացահայտում», անհատական ցուցահանդես, Ակադեմիա պատկերասրահ, Երևան

2003։ «Ռետրո», անհատական ցուցահանդես, Երևան

2004։ «Հին ու նոր քաղաք», անհատական ցուցահանդես, Երևան

2006։ «Եվրոպան և ես», Ակադեմիա պատկերասրահ, Երևան

2011: «Արդյունաբերական Սիմֆոնիա։ լուսանկարչությունն ու հետ-արդյունաբերական ժամանակաշրջանը», խմբակային ցուցահանդես, ՆՓԱԿ, Երևան