Գրիգոր Հակոբի Բաբալով (Բաբալյան)
1890 - 1900 թվականներ
Գրիգոր Բաբալովի «Լույս» լուսանկարչատունը Թիֆլիսի հայտնի ֆոտո-տաղավարներից մեկն է եղել: Այն գործել է շուրջ երկու տասնամյակ Միխայլովսկայա փողոցի վրա և ունեցել է երկու մասնաճյուղ Շուշի և Հելենդորֆ քաղաքներում: Ստուդիոն սպասարկել է քաղաքի մտավորական և բուրժուա խավերին որոնց պատկանում էր նաև ինքը, լուսանկարիչը: Բաբալովի մոտ են լուսանկարվել հայ մշակույթի բազում հայտնի գործիչներ, Ռուսական կայսրության բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Պարսից շահը: Ըստ իր լուսանկարչատան կնիքների, Բաբալովը ունեցել է պալատական լուսանկարչի կոչումներ տրված Նիկոլայ II-ի կողմից, ինչպես նաև Բուխարայի Էմիրից: Լուսանկարչի դուստը` երգչուհի, երաժշտագետ Արուս Բաբալյանն է, հետագայում Ռոմանոս Մելիքյանի կինը:
Բաբալովի գործնեությունը Թիֆլիսահայ լուսանկարչության առավել հետաքրքիր էջերից մեկն է: Ստանդարտային, ճանաչողական բնույթի դիմանկարներից զատ, նա հատուկ ուշադրությամբ է մոտեցել այն կերպարներին որոնք ունեին հասարակական, քաղաքական կամ մշակույթային նշանակություն: Այդ պարագայում, լուսանկարիչը ակնհայտորեն փորձել է ստեղծել անձի անհատականությունը հաստատող ու բացահայտող «հոգեբանական» դիմանկարներ, որոնցում շատ պարզ բայց արտահայտիչ ձևով օգտագործված են լուսանկարվողի մարմինը, ժեստերը և դեմքի կենդանի արտահայտությունը: Այդ առումով հատկապես հիշարժան է Արուս Բաբալյանի ծննդյան տարեդարձի առթիվ` 1893-ին ստեղծված մեծածավալ լուսանկարչական ալբոմը: Այնտեղ զետեղված լուսանկարները գերազանցում են ընտանեկան արխիվի կարգավիճակը իրենց պոետիկ և լիրիկական զեցումներով: Բաբալովի դուստրը բացահայտորեն դառնում է լուսանկարչի ստեղծագործական փնտրտուքի առարկան, ինչպես նաև նրա կամեցող համագործակիցը: Պատկերելով մանկությունից դեպի չափահասություն անցումը, այս լուսանկարչական պատումն առանձնանում է հայկական կենտրոններում, 19-րդ դարի վերջում ստեղծված նմանատիպ ալբոմներից իր գրեթե գրական խորությամբ ու հուզական անմիջականությամբ: Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը որ սույն ալբոմը չափազանց արժեքավոր պատկերացում է տալիս Թիֆլիսյան կոսմոպոլիտ հայ ընտանիքի առօրյա կենցաղի մասին:
Հարկ է նշել նաև որ Բաբալովը սիրել է լուսանկարել տաղավարից դուրս` Թիֆլիսի փողոցներում և շրջակայքում: Վրացական մի շարք արխիվներում պահպանվող նրա քաղաքային տեսարանները Կովկասյան «փողոցային» լուսանկարչության վաղ օրինակներից են:
Ազգություն
հայ, վրացի
Տարածաշրջան
Ռուսական Կայսրություն, Վրաստան
Քաղաք
Թիֆլիս, Շուշի, Հելենդորֆ
Լուսանկարչատուն
Լույս
Մասնագիտացում
գեղարվեստական, լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 102-104
Հավաքածուներ
Եղիշե Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարան, Երևան; Լուսադարան հայկական լուսանկարչության հիմնադրամ, Երևան; Վրաստանի ազգային գրադարան, Թբիլիսի