Արթուր Ավետիսյան
1980 - 1990 թվականներ
Արթուր Ավետիսյանը մասնագիտության գեղանկարիչ է։ Իր գործնեության սկզբնական շրջանում, 1980-ականների վերջին, Ավետիսյանը նաև անդրադարձել է գեղարվեստական լուսանկարչությանը, ստեղծելով մի շարք բեմադրված լուսանկարներ որոնք տպագրվել են «Գարուն» ամսագրում 1990-ականների սկզբերին։ Համագործակցելով Արտաշես Բաբայանի, Գերման Ավագյանի և այլ երիտասարդ լուսանկարիչների հետ նա ջանացել է ներմուծել փորձարարական լուսանկարչության ձևերը հայաստանյան մշակութային ասպարեզում։
Հեռու լինելով վավերագրության միտումներից, Ավետիսյանը օգտագործել է լուսանկարը որպես առօրյա աշխարհը վերացականացնելու և կերպարանափոխելու միջոց։ Նրա գործերում հատկապես շեշտադրված է լուսանկարի էությունը որպես ֆետիշիստական, առեղծվածային և սեռականացված տարածք։ Օգտվելով էքսպրեսիոնիստական արվեստի և կինոյի ավանդույթներից արվեստագետը հաճախ անդրադարձել է կանացի մարմնին փորձելով երևակել անհատական ներաշխարհի զգայական փորձընկալումը որպես սոցիալական իրադրությանը զուգահեռ իրականություն։
1990-ականների երկրորդ կեսին Ավետիսյանը հաստատվել է Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում և այժմ աշխատում է միայն գեղանկարչության բնագավառում։ (1)
1) Կենսագրական տվյալները տրամադրել է Արթուր Ավետիսյանը իմեյլ հաղորդագրությամբ 2016թ-ին, Լուսադարան արխիվ, Երևան
Ազգություն
ավստրալիացի, հայ
Տարածաշրջան
Ավստրալիա, ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան, Ադելաիդա
Մասնագիտացում
գեղարվեստական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Ցուցահանդեսներ
1995։ Անհատական լուսանկարչական ցուցահանդես, Ադելաիդա, Ավստրալիա