Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Միշել Անդոնյան

ծն․ 1958

1970 - 2010 թվականներ

Դետրոյթ քաղաքում ծնված և առ այսօր հաստատված Միշել Անդոնյանը իր երկարատև կարիերայի ընթացքում բազմիցս անդրադարձել է Հայաստանին և ցեղասպանությունից փրկված իր նախնիների հիշատակին։ Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, հաճախելով Դետրոյթի Ստեղծարար Ուսումնական Կենտրոնը (CCS)։ Ուսումն ավարտելուն պես անցել է աշխատանքի Դետրոյթ Թայմս թերթում որպես ֆոտոթղթակից։ Այդ տարիների ռեպորտաժային շարքերից հատկապես հիշարժան են քաղաքի երաժշտական, արվեստային ու արդյունաբերական կյանքը լուսաբանաղ ֆոտո-պատումները որոնցում կարելի գտնել նաև 1970-2000-ականների հայտնի ամերիկացիների`Էնդի Վորհոլի, Էլոն Մասկի, Բիլ Գեյթսի և այլոց դիմանկարները։ Այդ աշխատանքների մի մասը հրատարակվել են ամերիկյան ամենախոշոր պարբերականներում` Նյու Յորք Թայմսում, Վաշինգթոն Փոստում, Նեշնլ Ջեոգրաֆիկում և Նյու Յորքեր ամսագրում։ 

Անդոնյանը հատուկ ուշադրությամբ է ուսումնասիրել իր հայրենի քաղաքի արդյունաբերական անցյալն ու ներկան։ Առանձնապես պետք է նշել նրա վավերագրական շարքերը որտեղ ներկայացվում է Դետրոյթի` աստիճանաբար քայքայվող մեքենաշինարարական արդյունաբերությունը որի վերջնական տապալումը անդառնալի ծանր ձևով է անդրադարձել ողջ քաղաքի տնտեսական համակարգի ու բնակչության բարեկեցության վրա։ Իր վերջին աշխատանքներում Անդոնյանը ցույց է տալիս քաղաքի ամայացած անկյունները որոնք նախկինում բաբախել են հազարավոր աշխատողների հոսքով իսկ այժմ ներկայանում են որպես բնության կողմից հետզհետե նվաճվող արդի ավերակներ։ 

Այս մելանխոլիկ թեման արծածվում է նաև Անդոնյանի Հայաստանյան շարքերում, որոնք սկիզբ են առել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից։ Գործուղվելով Հայաստան, Անդոնյանը մի քանի ամիս շարունակ հետևել է փրկարարական և մարդասիրական աշխատանքներին, ինչպես նաև վերապրածների` դեպի նորմալ կյանք վերադառնալու փորձերին։ Նրա պարզ և սրված հակադրություններից զուրկ լուսանկարներում գերիշխում է մարդու իրավիճակի հանդեպ խորը կարեկցանքը և լուսանկարչությունը որպես հաղորդակցման միջոց գործածելու ձգտումը։ Հայաստանի տարբեր անկյունները պատկերող Անդոնյանի լուսանկարներում երկիրը հառնում է թախծոտ սակայն հույսով և մեծ բանաստեղծականությամբ ներծծված մի աշխարհ։ Ինչպես և իր Դետրոյթյան շարքերում, լուսանկարչին այստեղ հուզում է մարդու հարաբերկացությունը բնական, պատմական և հասարակական միջավայրի հետ։

Շուրջ քսան տարվա ընթացքում արված Հայկական թեմաներով լուսանկարները Անդոնյանը ամփոփել է «This Picture I Gift» ֆոտոգրքում (2015)։ 
Անդոնյանը շարունակում է աշխատել Դետրոյթում որպես լուսանկարչության դասավանդող, կոմմերցիոն լուսանկարիչ և անկախ արվեստագետ։ 

Ազգություն

ամերիկացի, հայ

Տարածաշրջան

ԱՄՆ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Դետրոյթ

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն

Մատենագրություն

Andonian, Michelle. This picture I gift, 2015

Ցուցահանդեսներ

2015: This picture I gift, անհատական ցուցահանդես, Սենթր Գելլերի, Դետորյթ

Հավաքածուներ

Դետրոյթի Արվեստների Ինստիտուտ Հենրի Ֆորդ թանգարան Լուսադարան հայ լուսանկարչության հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից