Վոլոդյա (Վրույր) Ամալյան
1940 - 1970 թվականներ
Վոլոդյա Ամալյանը պատկառելի ներդրում է ունեցել Հայաստանում՝ պրոֆեսիոնալ լուսանկարչական ռեպորտաժի զարգացման գործում։ Այդ ասպարեզում նա առաջադիմել է 1950-ականների սկզբից, երբ իր ռեպորտաժային լուսանկարները սկսեցին պարբերաբար հայտնվել խորհրդահայ մամուլում։ 1960-ին Ամալյանը նշանակվում է Հայկական Հեռագործական Գործակալության ֆոտոխրոնիկայի բաժնի վարիչ (Ֆոտոխրոնիկա ՀՀԳ), ինչը նրան թույլ է տալիս լավագույն վավերագրող լուսանկարիչներին ընդգրկել Հայաստանում առաջին պրոֆեսիոնալ լուսանկարչական աշխատակազմում։(1) Ֆոտոխնիկայի բաժինը կենտրոնացված համակարգ էր որը սպասարկում էր տեղական պարբերականների լուսանկարչական պահանջները։ Այդ առումով, գործակալության անդամները սովորաբար զրկված էին ինքնուրույն նախագծերի վրա աշխատելու հնարավորությունից, ինչը բերում էր ՀՀԳ֊ի լուսանկարչական արտադրանքի ակներև միատարրությանը։ Այնուամենայնիվ, դա նաև յուրօրինակ լուսանկարչական դպրոց էր շատերի համար, ուր երիտասարդ սերնդի լուսանկարիչները կարող էին սովորել իրենց ավագներից։
Կարելի է ասել որ Ամալյանի սեփական լուսանկարչական փորձարկումները նախանշում էին հայկական ֆոտոժուռնալիզմի հետագա զարգացման հիմունքները։ Նրա վավերագրական կադրերը ամբողջապես բեմադրված են և զերծ են պատահականության գործոնից կամ սուբյեկտիվության միտումներից։ Նկարի բոլոր էլեմենտները միտված են ծառայելու լրատվական նյութի պրոպագանդիստական հղացքի հաստատմանը։ Այդ առումով հետաքրքրական են Ամալյանի ֆոտոկոլաժները, որոնք՝ 1920-30-ականների ռուսական ֆոտո-ավանգարդի որոշ մոտեցումները փոխառնելով, ստեղծում էին կոմունիստական գաղափարախոսության օրակարգի իլյուզիոնիստական մարմնավորումը։
Չնայած այդ սխեմատիզմը բերում էր պատկերի անկենդանությանն ու ակնբախ կեղծավորությանը, Ամալյանի գործերը նաև կարողանում են զանցառել լուսանկարչությանը ներհատուկ թռուցիկությունը։ Իրենց բազմապլան, մանրամասներով հագեցված կառուցվածքով, այդ պատկերները թեման ներկայացնում են այնպիսի հանդիսավորությամբ, որ առօրյա դրվագը ձեռք է բերում գրեթե գրական երկին համարժեք կշիռ և խորություն։
1960-ականներից հետո Ամալյանի անունը և լուսանկարները այլևս չեն երևում տեղական մամուլում, ինչից կարելի է եզրակացնել որ նա այդ ժամանակ արդեն հեռացել էր լուսանկարչական ակտիվ գործնեության դաշտից։
1) Մելիքյան, Նորա; Զորյան, Հրայր։ Արմենպրես 90։ 1918-2008, Պատմա-փաստագրական ակնարկ Հայաստանի պետական լրատվական գործակալության անցած ուղու մասին, Արմենպրես, Երևան, 2010
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Մելիքյան, Նորա; Զորյան, Հրայր։ Արմենպրես 90։ 1918-2008, Պատմա-փաստագրական ակնարկ Հայաստանի պետական լրատվական գործակալության անցած ուղու մասին, Արմենպրես, Երևան, 2010
Амальян, В. «Героика Трудовых Свершенний», Советское Фото, հ.,5, 1961