Վիկտոր Հմայակի Ադյան
1941 - 1995
1960 - 1990 թվականներ
Վիկտոր Ադյանը զբաղվել է լուսանկարչությամբ դրպրոցական տարիներից ի վեր և իր լուսանկարները` հատկապես սպորտային միջոցառումների պատկերները, տպագրվել են Բաքվի մի շարք թերթերում։ (1) 1964-ին դարձել է ԽՍՀՄ ժուռանլիստների անդամ և նույն թվականին ընդունվել է Լենինգրադի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը որն ավարտել է 1968-ին։ Հաջորդ տարի հաստատվել է Երևանում և շարունակել է կրթությունը Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում ու միաժամանակ աշխատել է որպես ազատ ֆոտոթղթակից։
1980-ականներին խորանալով արվեստի գործերի լուսանկարման մեջ սկսում է աշխատել գրահրատարակչությունների հետ։ Ադյանի լուսանկարներով կազմվել են մի շարք ալբոմներ` «Հայաստանի ճարտարապետությունը», «Հայկական գորգեր», «Հայաստանի երիտասարդ նկարիչներ», «Հայաստանի արվեստը», «Հայաստանի ջրամբարներ» (1986) և այլն։ Վերջինս արժանացել է մրցանակի ԺՏՆՑ-ի ոսկե մեդալի։
1989-ին Ադյանը հիմնադրել է իր գովազդային «Վիկտոր» գործակալությունը որը թողարկել է օրացույցներ և բացիկների հավաքածուներ, ինչպես օրինակ «Ազնավուրը Հայաստանում» լուսանկարների կոմպլեկտը։ Տեղափոխվելով Մոսկվա, լուսանկարիչը կյանքի վերջին երեք տարիները աշխատել է հիմնականում գովազդային և նորաձևության լուսանկարչության բնագավառում։
Ադյանի լուսանկարչական աշխատանքները կիրառարական բնույթի են և գերազանցապես ծառայել են լրագրողական և գովազդային նպատակներին։ Ֆոտո-վավերագրության հարցում նրան հետաքրքրել է փաստերի հնարավորինս անկողմնակալ արձանագրումն ու «հեռագրումը» լուսանկարների միջոցով: Այս առումով հատկանշական է Ադյանի անցումը 1970 թվականներին գունավոր լուսանկարչությանը, որով նա փորձում էր ստանալ իրադրության կամ առարկայի առավել բնապաշտական պատճենը։
1) կենսագրական տվյալները` Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 63
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Ադր.ԽՍՀ, ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ, Ռուսաստան
Քաղաք
Բաքու, Երևան, Մոսկվա
Մասնագիտացում
վավերագրական, ֆոտոթղթակից
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 63
Ցուցահանդեսներ
1985։ Ձեռակերտ հրաշք. անհատական ցուցահանդես, Հայաստանի նկարչի տուն, Երևան