Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Գևորգ Աբդուլլահյան (Աբդուլլահ)

1839 - 1918

1850 - 1890 թվականներ

Աբդուլլահ Եղբայրներ լուսանկարիչական ընտանիքի կրտսեր ներկայացուցիչ, Գևորգ Աբդուլլահյանը եղել է 19-րդ դարի երկրորդ կեսի Կոնստանդնուպոլսի առավել նշանավոր և ակտիվ մշակութային գործիչներից մեկը։ Նա ծնվել է մետաքսագործ Աբրահամ Աբդուլլահյանի (Աստվածատուրյանի) հայ-կաթոլիկ ընտանիքում, Կ. Պոլսի Միջագյուղ հայաբնակ թաղամասում։ Դպրոցական տարիներին ուսանելով Մկրտիչ Պեշիկթաշլյանի մոտ, Լուսավորչական վարժարանում, Գևորգը տոգորվում է հայրենասիրության շնչով, որն ավելի խորանում է 1852-ին երբ նա տեղափոխվում է Վենետիկ, Մուրադ Ռաֆաելյան վարժարանում ավարտական կրթություն ստանալու։ Այստեղ նրա ուսուցիչների շարքում էր Ղևոնդ Ալիշանը ով հետագայում մեծապես աջակցելու էր Աբդուլլահյանների լուսանկարչական կարիերայի կայացմանը։ (1)

Չնայած ուսումը Եվրոպայում շարունակելու իր հույսերին, ընտանեկան պատճառների բերումով Գևորգը ստիպված է լինում 1857-ի վերջին վերադառնալ Կ. Պոլիս։ Այստեղ իր ավագ եղբայր Վիչենը ձեռք էր բերել Րապախ անունով գերմանացի քիմիագետի լուսանկարչական արհեստանոցը որը մասնագիտացած էր դագերոտիպների պատրաստման մեջ։ Միջնեկ եղբոր` Հովսեփի հետ միասին Գևորգը ներգրավվում է ընտանեկան այս նոր ձեռնարկությանում, այսպիսով դառնալով Օսմանյան Կայսրության առաջին տեղական լուսանկարչատան համա-հիմնադիրներից մեկը։

1850-ականների վերջին դագերոտիպը արդեն վերացող միջոց էր։ Քաջ հասկանալով իրենց փորձառության պակասը, ինչպես նաև լուսանկարչական նոր տեխնոլոգիաներին ծանոթանալու անհրաժեշտությունը, Վիչենն ու Գևորգը կարճ ժամանակ անց մեկնում են Վենետիկ, Սբ. Ղազար ապա Փարիզ։ Ղևոնդ Ալիշանի միջնորդությամբ նրանց հաջողվում է մտերմանալ լուսանկարչության մեծ ջատագովներ Բարոն Թեյլորին և Կոմս Ագուադոյին ովքեր սկսնակ հայ լուսանկարիչների ծանոթացնում են այդ տեխնոլոգիայի նորամուծություններին և օգնում են նրանց կապեր հաստատել Փարիզի, ինչպես նաև Կ. Պոլսի քաղաքական և մշակութային կյանքում կարևոր դիրքեր վայելող տարբեր անհատների հետ։

Կոմս Ագուադոյի շնորհիվ եղբայրներին հնարավորություն է տրվում մտերմանալ Օսմանյան Կայսրությունում Ֆրանսիայի դեսպան Մարկիզ դե Մուստիեյին որի կապերը Օսմանյան Բարձր Դռան հետ շուտով Աբդուլլահ Եղբայրներին առիթ է ընձեռնում ներկայանալու Սուլթան Աբդուլազիզին։ Քաղաքական և տնտեսական բարեփոխումների ու արդիականացման ջագատով Աբդուլազիզը 1863-ին լուսանկարիչներին հանձնարարում է կատարել իր լուսանկարչական դիմանկարը։ Հնարավորինս շահավետ ներկայացնելով անվայելուչ կազմվածք ունեցող տիրակալին, Աբդուլլահյանների դիմանկարը արժանանում է Աբդուլազիզի մեծ հավանությանը և իսկույն տարածվում որպես նրա պաշտոնական լուսանկարչական պատկերը Օսմանյան Կայսրության տարածքներում և դրանից դուրս։ Այդ ծառայության համար Աբդուլլահյաններին նաև շնորհվում է Կայսերական լուսանկարիչների կոչումը և Սուլթանական դրոշմի գործածման իրավունքը, որն ըստ լուսանկարչության պատմաբան Բահաթին Օզթունչայի «այն հրաշագործ բանալին էր որը կարող էր բաց անել ցանկացած դուռ»։ (2)

Աբդուլլահյանների այս առաջին մեծ հաջողությանը հետևում են այլ կարևոր ձեռքբերումներ։ 1867-ին նրանք Ստամբուլի լայնածավալ համայնապատկերներով ու ազգագրական բնույթի լուսանկարներով ներկայանում են Փարիզի Համաշխարհային Ցուցահանդեսում և գրավում ֆրանսիական և անգլիական պրեսայի ուշադրությունը։ Այդ նույն ժամանակաշրջանում նրանց հազարավոր հաճախորդների շարքում են հայտնվում այնպիսի ականավոր դեմքեր ինչպիսիք էին Ավստրիայի Կայսրուհի Յուժենին, Մարկ Տվեյնը, Կ. Պոլսի եվրոպական երկրների գրեթե բոլոր դեսպանները, Հովհաննես Այվազովսկին և ուրիշներ։

Բերա թաղամասում գտնվող լուսանկարչատունը դառնում է Կ. Պոլսի հայ համայնքի կարևոր հավաքատեղիներից մեկը։ Այստեղ հանդիպում էին ժամանակի մեծանուն հայ գրողներն, արվեստագետները, երաժիշտները և քաղաքական գործիչները որոնք քննարկում էին թրքահայության ծանրացող վիճակը բարելավելու միջոցները և ձեռնարկում էին նոր մշակութային նախագծեր։ 1870-ականների սկզբին Գևորգը ավելի ակտիվորեն է լծվում հայրենասիրական գործնեությանը։ Նա շարունակում է համագործակցել Ղևոնդ Ալիշանի հետ, ով Գևորգից պարբերաբար ստանում էր միջնադարյան հայ արվեստի գործերի լուսանկարչական պատճեններ։ 1872-ին Գևորգը գերմաներենից թարգմանում և սեփական միջոցներով հրատարակում է արևելագետ Անդրեաս Մորդմանի «Հայաստանի Սեպագիրները» աշխատությունը, որն ուրարտական լեզվի առանցքային ուսումնասիրություններից մեկն էր։ Գևորգի հայրենասիրական և ազգայնական այս հակվածությունները հատկապես սրանում են Սուլթան Աբդուլհամիդի գահադրումից հետո։ Բացի Ղևոնդ Ալիշանից նա սերտ ընկերական, գործնական և նամակագրական կապեր ուներ այնպիսի ականավոր գործիչների հետ ինչպիսիք էին Սրբուհի Տյուսաբը, Մինաս Չերազը, Գրիգոր Բալյանը, Գրիգոր Զոհրաբը, Տիգրան Չուխաջյանը։ 

1875-ին, որոշակի հասարարական ճնշման ներքո Գևորգը  եղբայրների հետ միասին հրաժարվում է կաթոլիկությունից, ընդունելով Հայ Առաքելական Եկեղեցու դավանություն։ Մի քանի տարի անց, 1877–78 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո Գևորգը ճոխ ընդունելություն է կազմակերպում հաղթանակած ռուսական զորքի հրամանատարների համար։ Ըստ որոշ աղբյուրների նա այստեղ հրապակայնորեն հայտնում է Արևմտյան Հայաստանը Օսմանյան Կայսրությունից անկախացած տեսնելու իր փափագը։ (3) Այդ լուրը փոխանցվում է Սուլթանին ով անմիջապես զրկում է Եղբայրներին կայսերական լուսանկարչի տիտղոսից։ Դա անդառնալիորեն ծանր հարված էր լուսանկարչատան համար։ Զրկվելով մեծ և շահութաբեր պետական պատվերներից, ինչպես նաև Օսմանյան վերնախավի աջակցությունից, Աբդուլլահյանների տաղավարը ֆինանսական անկում է ապրում է։ Թերևս փորձելով մեղմել իրավիճակը, Գևորգը, եղբոր, Հովսեփի հետ միասին 1886-ին տեղափոխվում է Կահիրե ուր նրան պաշտոնապես հրավիրել էր Եգիպտոսի Խեդիվեն` Թեֆիկ Փաշան։ Աբդուլլահ Եղբայրներ լուսանկարչատան Կահիրեի այս մասնաճյուղը գործում է մինչև 1896 թվականը երբ Գևորգը որոշում է վերադառնալ հայրենի քաղաք։

Աբդուլլահ Եղբայրներ լուսանկարչատունը բավականին մեծ ձեռնարկություն էր, ուր բացի երեք եղբայրներից աշխատում էին բազմաթիվ օգնականներ և գործակատարներ։ Որպես օրենք դրանք սովորաբար Հովսեփի և Վիչենի ընտանիքների ներկայացուցիչներն էին (Գևորգը ամուրի էր և ժառանգներ չուներ) կամ այլ հայ ընտանքներից երիտասարդներ։ Այդ իսկ պատճառով այսօր անհնար է որոշել թե եղբայրներից ով է պատասխանատու եղել լուսանկարների նկարահանման, մշակման, տպագրման և ալբոմների կազման գործում։ Ամենայն հավանականությամբ դա միասնական աշխատանքի արդյունք էր և անհատական հեղինակության հարց այդտեղ չի ծագել։

Այնուամենայնիվ, կարելի է առանձնացնել Գևորգ Աբդուլլահի եգիպտական շրջանի գործերը որպես այս լուսանկարչի անհատական աշխատանքը։ 1887-ին Գևորգին ուղեկցող Հովսեփը չդիմանալով տեղի կլիմայական պայմաններին վերադառնում է Կ. Պոլիս և նրան փոխարինում է իր որդի Աբրահամը, որն թերևս կատարել է հիմնականում ադմինիստրատիվ և տեխնիկական բնույթի աշխատանքներ, լուսանկարման ավելի պատասխանատու գործը թողնելով հորեղբորը։

1880-ականների կեսերին, արվեստանոցի լուսանկարչական ոճն ու ժանրային նախասիրությունները վաղուց արդեն կայացած էին։ Բացի անհատական և խմբակային դիմանկարներից դրանք ընդգրկում էին քաղաքային բնանկարներ, ժանրային տեսարաններ, ազգագրական «տիպերի» պատկերներ, հասարարական տոների ու շքերթների վավերագրումներ և հատկապես պատմա-ճարտարապետական հուշարձանների լուսանկարներ։ Թեև Գևորգի եգիպտական լուսանկարներում առկա են այդ բոլոր ժանրերը, առավել մեծ ուշադրությունն էր տրված հենց հուշարձանների և «բնիկ» ազգերի լուսանկարմանը։ Ի տարբերություն Ստամբուլում արված նմանատիպ լուսանկարների, Գևորգի այդ լուսանկարները կատարված են ավելի դինամիկ, ակնթարթային ոճով։ Կահիրեի և շրջակայքի պատմական և արդի ճարտարապետական շինությունները լուսանկարելիս նա չի փորձել մեկուսացնել դրանց շրջապատող կյանքից, ստեղծելով ժամանակի մեջ կանգնած «Արևելքի» նոստալգիկ պատկերներ։ Կահիրեի լուսանկարներում երևում է արագ փոփոխվող, արդիականացող քաղաքը, նրա տարաբնույթ, բազմամշակութային բնակիչները։ Բնիկների ազգագրական «տիպաժներ» նկարելիս, Գևորգը հաճախ փորձում էր փոխանցել անհատի լիարժեք հոգեբանական կերպարը, ինչը թույլ չէր տալիս դիտորդին հեշտորեն առարկայացնել այդ բնորդներին։

Կահիրեում արված լուսանկարներում այնուամենայնիվ առկա է անցյալը լուսանկարչության միջոցով վավերագրելու և «պահպանելու» որոշակի ուղղվածություն։ Հնեասեր լուսանկարիչը, ինչպես և եվրոպացի զբոսաշրջիկներից շատերը տխրությամբ էր դիտարկում Եգիպտոսի սրնթաց անցումը միջնադարից դեպի արդիություն, ինչի արդյունքում ոչնչացվում էին ոչ միայն տեղական կենցաղն ու մշակույթն այլև բազմաթիվ նշանակալի հուշարձաններ։ «Պահպանողական» այդ մելանխոլիկ ձգտումը արտահայտվում է հատկապես Գևորգի ինտերյերային լուսանկարներում ուր վարձակալված` ավանդական հանդերձներով վավաշոտ դիրքեր ընդունած արաբ բնակիչները համակում են տեսարանը թախծոտ տրամադրությամբ։

Ընդհանուր առմամբ Գևորգի եգիպտական, ինչպես և Աբդուլլահ Եղբայրների Ստամբուլի լուսանկարչատան ողջ լուսանկարչական արտադրանքը բնորոշում է ոչ միայն միջին արևելյան տեղական լուսանկարչության կազմավորումը, այլև պատկերավորում է դրա անցումը լուսանկարչության «ունիվերսալիստական», ինչպես և «օրիենտալիստական» սկզբունքներից դեպի արդի ազգայնականության մշակույթը։ 

Չնայած Վիչեն Աբդուլլահյանը կարողացել էր վերականգնել Աբդուլհամիդի վստահությունն ու հետ ստանալ կայսերական լուսանկարչի կոչումը 1888-ին, Գևորգը` ինչպես կարելի է դատել լուսանկարչի հիշողություններից,  հիմնականում չի զբաղվել լուսանկարչությամբ Ստամբուլ վերադառնալուց հետո, նախընտրելով լուսանկարման գործը թողնել ընտանիքի ավելի երիտասարդ անդամներին։ 1899-ին տաղավարի սևապատկերների ողջ արխիվը վաճառվում է Աբդուլլահ Եղբայրների մշտական մրցակից, Սեբա և Ժոալիե արվեստանոցին, որը հետագայում վերատպել է այդ պատկերները ջնջելով Աբդուլլահյանների անունը։ Կյանքի վերջին տարիները Գևորգը անցկացրել է Լոնդոնում, ուր զբաղվել է գրականությամբ և գրել է իր հիշողություններն որոնք հետագայում հիմք են հանդիսացել Եսայի Տայեցու 1929 թվականի կենսագրությանը. լուսանկարչի գործնեության նվիրված հայերեն լեզվով առաջին մենագրությունը։

1) Լուսանկարչի կենսագրական տվյալները հիմնականում քաղված են Եսայի Տայեցու` Յուշագիր կենաց եւ գործունեության նախկին Կայսերական լուսանկարիչ Գէորգ Ապտուլլահի, Սբ. Ղազար, Վենետիկ, 1929

2) Տես` Bahattin Öztuncay, The Photographers of Constantinople, vol.1, Aygaz, Istanbul, 2003, էջ 185

3) Նույն տեղում, էջ 220

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Եգիպտոս, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Կոստանդնուպոլիս, Կահիրե

Լուսանկարչատուն

Աբդուլլահ Ֆրեր

Մասնագիտացում

լուսանկարչատուն, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Տայեցի, Եսայի։ Յուշագիր կենաց եւ գործունեության նախկին Կայսերական լուսանկարիչ Գէորգ Ապտուլլահի, Սբ. Ղազար, Վենետիկ, 1929

Öztuncay, Bahattiն. The Photographers of Constantinople, vol.1, Aygaz, Istanbul, 2003, էջ 185

Pinguet, Catherine. Istanbul, Photographes et Sultans, 1840-1900, CNRS, Paris, 2011

Հավաքածուներ

Գեթի Հետազոտական Ինստիտուտ, Լոս Անջելես Ե. Չարենցի անվ. Գրականության և Արվեստի Թանգարան, Երևան Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան Ֆրանսիայի Ազգային Գրադարան, Փարիզ

Այլ նկարներ այս հեղինակից