Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Սմբատ Տեր-Ավետիսյան

1875 - 1943

1900 - 1930 թվականներ

Հնագետ և պատմաբան Սմբատ Տեր-Ավետիսյանը գիտական գործնեությունը կարևոր, սակայն այսօր գրեթե մոռացված էջ է հայ մշակույթի ուսումնասիրման պատմության մեջ։ Ծնվելով այժմյան Նոյեմբերյանի շրջանի Բարանա գյուղում, Տեր-Ավետիսյանը իր կրթությունը ստացել է Գևորգյան ճեմարանում (1894-98թթ.), ապա Ստ. Պետերբուրգի համալսարանում 1901-04 թվականներին։ Դեռ ուսանողական տարիներից անվանի հայագետը կատարել է բազմաթիվ հետազոտական, հնագիտական ինչպես և փրկարարական արշավներ դեպի Նոր Ջուղա, Ղարաբաղ, Նախիջևան, Դվին, Կարս և Վան։ 1904-ից մասնակցել է Նիկողայոս Մառի Անիի պեղումներին իսկ 1915-16 թվականին ուղեկցել է ռուսական զորքերին դեպի Արևմտյան Հայաստան որտեղ նրան հաջողվել է վերջնական կորստից փրկել հազարավոր ձեռագրեր, փաստաթղթեր և հայկական արվեստի գործեր, ինչպես օրինակ Մշո Առաքելոց վանքի փայտյա դուռը։(1)

Իր բազմաթիվ գործուղումների ընթացքում Տեր-Ավետիսյանը կատարել է հետազոտական և վավերագրական բնույթի լուսանկարներ։ Դրանք արձանագրել են ոչ միայն իր հնագիտական պեղումների և դաշտային աշխատանքների գործընթացը այլև շրջակա պատմա-մշակութային միջավայրը։ Այս առումով հատկապես արժեքավոր են Տեր-Ավետիսյանի` 1915-16 թվականներին Արևմտյան Հայաստան կատարած այցի լուսանկարների արխիվը։ Ապակե սևապատկերների այս ժողովածուն ներկայացնում է արդեն ամայացած հայկական բնակավայրերի մնացորդները, դառնալով այդ պատմական միջավայրերի վերջին տեսողական փաստարկները։ Գիտնականի համար լուսանկարը ծառայել է առաջին հերթին որպես փրկարարական ու փաստագրական գործիք։ Սակայն Վանի նահանգում լուսանկարած տեսարաններում ակնբախ է այն մելամաղձոտ գիտակցությունը որ լուսանկարը ավելի շուտ կորուստի վկայություն է և ոչ թե անդառնալիորեն ոչնչացված իրականության փրկում։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Տեր-Ավետիսյանը շարունակել է զբաղվել իր մասնագիտությամբ, 1925-31 թվերին զբաղեցնելով Կովկասի հնագիտական ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը իսկ 1937-ից մինչև կյանքի վերջը գլխավորել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության բաժինը։ 20-րդ դարի սկզբին արված նրա լուսանկարները կարևոր ապացույցներ են Հայաստանում հնագիտական լուսանկարչության բազմակողմանի ու հետևողական զարգացման մասին։

1) Կենսագրական տվյալների համար տես` Սմբատ Տեր-Ավետիսյան, Հայագիտական հետազոտություններ, Գիտություն, Երևան, 2010

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ, Ռուսական Կայսրություն, Վրաստան, Վրաց. ԽՍՀ

Քաղաք

Բարանա գյուղ (Նոյեմբերյանի շրջ.), Թիֆլիս, Երևան

Մասնագիտացում

արխիվային, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Տեր-Ավետիսյան, Սմբատ։ Հայագիտական հետազոտություններ, Գիտություն, Երևան, 2010

Հավաքածուներ

Հայաստանի Պատմության Թանգարան, Երևան