Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արմեն Վարդանյան

ծն․ 1959

1980 - 1990 թվականներ

Իր առաջին ստեղծագործական քայլերը Արմեն Վարդանյանը իրագործել է կինոյում` «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատելով որպես ռեժիսորի օգնական 1977-83թթ.: Նկարահանել է «Երաժշտություն» փորձարարական ֆոտո-ֆիլմը, որն իր ձևաչափով թերևս եզակի է հայ կինոյի պատմության մեջ: 1980-ականների կեսերից հիմնականում զբաղվել է գեղարվեստական լուսանկարչությամբ: Լուսանկարչի նախասիրությունները սահմանափկվում են դիմանկարի և մերկանկարի ժանրերով: Աշխատելով հիմնականում սև-սպիտակ ֆորմատով, Վարդանյանը ստեղծել է բազմաթիվ կանացի մերկանկարներ, որոնցից մի քանի վերատպվել են հայկական պարբերականների էջերին 1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում: Ինչպես Վարդանյանն ինքն է նշում, նրա աշխատանքային մեթոդը փորձարարական է, և «ամենինչ գալիս է նկարելու պահին, այնուհետ շարունակվում է լաբորատոր պրոցեսում: Մի ճանապարհ, որի ընթացքում օբյեկտը վերաստեղծվում է, գեղարվեստական նոր հնչողություն է ստանում:»(1) Փոխակերպման այս միտումը հատկապես նկատելի է իր ֆիգուրային լուսանկարներում, որոնց բնորոշ է էրոտիզմի քնարական ընկալումը և կանացի մարմնի անխտիր իդեալականացումը: Իր` այս ժանրի գործերում, Վարդանյանը հստակ աղերսներ ունի իր ժամանակակիցների` Արտաշես Բաբայանի և Ալեքսանդր Ալաջյանցի ստեղծագործական մոտեցումների հետ: Վարդանյանի դիմանկարները հիշարժան են իրենց անպաճույճ արդիականությամբ և լուսաստվերային լուծումների խստությամբ: Այդ լուսանկարներում բացակայում է անհատի հոգեբանական աշխարհի «մերկացման» ձգտումը: Փոխարենը շեշտված է սուբյեկտի ինքնության անորոշակիությունը: 1990-ականների կեսերին Վարդանյանը տեղափոխվել է Ֆրանսիա որտեղ այլևս լուսանկարչությամբ չի զբաղվել:

(1) 
Արմեն Վարդանյան: «Արմեն Վարդանյան», Արվեստ, հ.2-3, 1991, էջ25

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ, Ֆրանսիա

Քաղաք

Երևան, Փարիզ

Մասնագիտացում

գեղարվեստական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Վարդանյան, Արմեն: «Արմեն Վարդանյան», Արվեստ, հ.2-3, 1991

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ335

Այլ նկարներ այս հեղինակից