Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Սամվել Սաղաթելյան

ծն․ 1958

1980 - 2010 թվականներ

Սամվել Սաղաթելյանը (ով նաև հայտնի է իբրև Սեմ Սագա) ԽՍՀՄ փլուզումից հետո երևան եկած հայաստանցի արվեստագետների նոր սերնդի ներկայացուցիչն է և իր ժամանակների ամենաանդրդվելի ֆիգուրներից մեկը: Ճարտարապետություն ուսանած Սաղաթելյանը թեև արագ անցում է կատարում դեպի ժամանակակից արվեստ, սակայն ճարտարապետական կրթությունը մինչ օրս ազդեցություն է գործում իր արվեստային պրակտիկայի վրա: Նրա առաջին կտավները ցուցադրվել են դեռևս 1988թ., իսկ ստեղծագործության ոլորտն ու միջոցներն այդ ժամանակներից ի վեր ընդլայնվել են ՝ ներառելով ամեն ինչ՝ սկսած լուսանկարչությունից և վիդեոյից մինչև ինստալյացիա ու պերֆորմանս: Չնայած իր ստեղծագործության տեխնիկական և ֆորմալ լայնությանը՝ Սաղաթելյանը զարմանալիորեն հետամուտ է սեռականության և վերջինիս քաղաքական չափումների սոցիալական պայմանավորման ուսումնասիրության մեջ: Ցայսօր նա ժամանակակից հայաստանյան արվեստի եզակի ֆիգուրներից է, ով առավել հետևողական է եղել սեռական ինքնության խնդիրների իր համառ և ուղղակի անդրադարձերում:

Հենվելով «դասական» հետարդիականության խաղացանկի վրա՝ Սաղաթելյանի գործերն, ընդհանուր առմամբ, հավատարիմ են կոլաժի և ասամբլյաժի սկզբունքներին: Լինեն դրանք կտավներ, լուսանկարներ թե քանդակներ՝ արվեստագետի գործերը հմտորեն միախառնում են պատկերներ և պատկերագրություն, ինչը հաճախ բերում է շոկային համադրություններ ու սադրանքի: Կրոնը հանդիպում է լուսանկարչությանը, ընտանեկան արժեքները առերեսվում են անիշխանությանը, մինչդեռ գենդերային կարծրատիպերն այնքան չափազանցված են, որ, ի վերջո, ինքնակազմաքանդվում են: Այս սադրանքները՝ հայրիշխանական արժեքների բացառումն, այդուհանդերձ, առավել քան հեգնական են դարձնում այն ակնհայտ համակրանքը, որով արվեստագետը «հարձակվում է» «ազգի» ինստիտուցիաների վրա: Հարազատ մշակույթի պահպանողականության ներսում Սաղաթելյանը որոշակի էրոտիզմ ու ճնշված ցանկություն է գտնում: Սաղաթելյանի շարքերի տարօրինակ մակերեսի տակ, ինչպես «Գրոտեսկները», «Տրանսֆորմանսը» և «Մարմին՝ ուրվական փաղոսը», հոսում է հուզական ճշմարտության ձգողականությունը՝ զանցառելով հետարդիականի հեգնանքը, որ բացահայտում է ցանկության քնքշությունն ու մարդկային փխրունությունը:

2001թ. Սաղաթելյանն, իբրև Հայկական տաղավարի մասնակից արվեստագետ, ներկայացվում է Վենետիկի բիենալեին: Երևանում և Լոս Անջելեսում ստեղծագործելով՝ նա բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունենում Հայաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում: Վերջին տարիներին արվեստագետն իր գործերի միջոցով սոցիալ-քաղաքական ներգրավման ավելի ուղղակի փորձեր է ձեռնարկում: Մի շարք նախագծեր, ինչպես 2014թ. համագործակցային ֆոտո-ինստալյացիան, որը ստեղծվել է հայաստանյան ՔԿՀ-ների կին-բանտարկյալների հետ համատեղ, անդրադառնում է օտարացմանը, խարանին և անտեսանելիությանը, որով պատուհասված են հայաստանյան հասարակության «ձայնազուրկ» խավերը: 2012թ. «Shushi Art Project»-ին մասնակցելուց ի վեր՝  արվեստային հետազոտության այս ներառական հետագիծը զարգացման նոր փուլի մեկնարկ է տալիս Սաղաթելյանի արվեստում, որը կարող է էական ներդրում ունենալ Հայաստանի ժամանակակից արվեստի ոլորտում:

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԱՄՆ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան, Լոս Անջելես

Մասնագիտացում

ժամանակակից արվեստ, կոնցեպտուալ լուսանկարչություն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն, խառը տեխնիկա, կոլաժ, ֆոտո-մեդիա ինստալյացիա

Ցուցահանդեսներ

2013: Տրանսռոմանս, Երևան
2015: Exit through the smoke shop. HyePop Gallery, Երևան

Հավաքածուներ

«Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամ, Երևան