Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արտաշես Սիմոնի Ջալալյան

1913 - 1985

1940 - 1950 թվականներ

1950-ականների խորհրդահայ վավերագրական լուսանկարչության ամենաբեղուն գործիչներից է օպերատոր Արտաշես Ջալալյանը։ 1934-ին Համամիութենական կինոինստիտուտի օպերատորական բաժինն ավարտելուց հետո, Ջալալյանը վերադարձել է Հայաստան և անցել աշխատանքի Հայֆիլմ կինոստուդիայում։ Ստալինյան դեկրետների պատճառով  լճացված խորհրդային կինոարտադրության համատեքստում, Ջալալյանը գրեթե զրկվել է կինոհրապարակում աշխատելու հնարավորությունից և պետք է ենթադրել որ հենց այդ ժամանակ էլ սկսել է աշխատակցել տեղական մամուլին որպես ֆոտոթղթակից։ 1940-50-ականներին նրա լուսանկարները բազմիցս տպագրվել են Սովետական Հայաստան, Օգոնյոկ և այլ միութենական պարբերականներում։ Հատկապես ուշադրության են արժանի հետ-պատերազմյան տարիների շինարարական և տնտեսական նոր նախագծերը վավերագրող լուսանկարները, որոնց գերակշռող մասն արված է Հայաստանի հյուսիսային մարզերում։ 

Արդյունաբերական, քաղաքային կամ բնական միջավայրերը պատկերող այս լուսանկարներում ակնհայտ են բեմադրող-օպերատորի ստեղծագործական մոտեցումները։ Իրականությունը կատարելապես վերակազմավորված է ամուր կոմպոզիցիոն լուծումների միջոցով և զուրկ է սյուժետային կամ գաղափարային նեցուկին խանգարող պատահական մանրամասներից։ Միևնույն ժամանակ, Ջալալյանը կարողացել է այս պրոպագանդիստական պատկերներին հաղորդել դինամիզմ ու շարժման զգացողություն։ Լուսանկարների` բազմապլան, խորը ֆոկուսով ու երկրաչափական տարածության կառուցվածքի մեջ շոշափելի է ռուսական ավանգարդիստական լուսանկարչության ու կինոյի վարպետների` Դզիգա Վերտովի և Արկադի Շայխետի ձեռագրի հեռավոր արձագանքը։ Ջալալյանի այս պատկերները հարում են սովետական մշակույթը իդեալականացնելու սոց-ռեալիստական արվեստի սկզբունքներին, ծառայացնելով լուսանկարչությունը ոչ թե իրականության «օբյեկտիվ» վավերագրման այլ դրա գաղափարական վերակառուցման նպատակին։ 

1950-ականների վերջերին Ջալալյանը հիմնովին վերադառնում է կինոօպերատորի իր մասնագիտությանը, նկարահանելով Հայֆիլմի «Առաջին սիրո երգը», «Հյուսիսային ծիածան», «Փառքի օղակներ» և այլ լայն ճանաչում գտած կինոնկարներ։ Կինոարվեստի բնագավառում իր ներդրման համար նա պարգևատրվել է ՀՍՍՀ պետ. մրցանակով (1967թ.)։ Ըստ առկա տվյալների, Ջալալյանը դադարել է զբաղվել պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ օպերատորական աշխատանքը վերսկսելուց հետո։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Ալեքսանդրապոլ (ծն.), Երևան

Մասնագիտացում

վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

«Արտաշես Ջալալյան», Հայկական Սովետական Հանրագիտարան, 9-րդ հատոր, ՀՍՍՀ գիտությունների ակադեմիա, Երևան, 1983, էջ 469

Այլ նկարներ այս հեղինակից