Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Պետրոս Անուշավանի Պետրոսյան

ծն․ 1937

1960 - 2010 թվականներ

Պետրոս Պետրոսյանի ստեղծագործական ուղին լուսանկարչությունում ձևավորվել է հարուստ կենսագրական փորձի միջոցով։ Նա լուսանկարել է դեռ դպրոցական տարիներից և հղկել է իր ունակությունները աշակերտելով Հայաստանի լավագույն վավերագրող լուսանկարիչներից մեկին` Հակոբ Հեքեքյանին։ Շուրջ տասնհինգ տարի` 1963-1979-ից, նա եղել է «Սովետական Հայաստան» ամսագրի ֆոտոթղթակիցը, իսկ 1967-ին դարձել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ։ 1979-ին անցել է աշխատանքի Սփյուռքի հետ մշակութային կապի կոմիտեում (ԱՕԿՍ) որպես լուսանկարիչ ուր նույն տարիներին աշխատել է նաև Գագիկ Հարությունյանը։ Հայաստանի անկախությունից հետո, 1993-ին դարձել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական լուսանկարիչը և որոշ ժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։(1)

Պետրոսյանի գործնեությունը վավերագրական լուսանկարչության բնագավառում անցել է բազմաթիվ փուլերով` արտացոլելով 20-րդ դարի երկրորդ կեսի մասսայական լուսանկարչության զարգացման ընդհանուր ընթացքը։ Իր ստեղծագործության սկզբում տուրք տալով 1950-ականների սոց-ռեալիստական պրոպագանդիզմին, Պետրոսյանը շուտով տրվել է 1960-ականների «ազատական», փորձարարական լուսանկարչության հոսանքներին։ Սակայն արդեն 1970-ականների սկզբից նրա լուսանկարներում գնալով գերիշխել է լրագրողական կիրառականությունն ու փաստա-վավերագրական ուղղվածությունը, որը դարձել է առավել շեշտված երբ Պետրոսյանը սկսել է աշխատել գունավոր ժապավենով։ 

Պետք է նշել որ ըդհանուր առմամբ, Պետրոսյանը կարողացել է խուսափել իրադարձության չոր, անտարբեր արձանագրությունից` իր լուսանկարներում հմտորեն ներմուծելով պատումային, կերպարային կամ զուտ հուզական էլեմենտներ` պատկերը ավելի գրավիչ դարձնելու համար։ Այնուամենայնիվ մամուլի համար արված այդ գործերում պատկերված իրադարձությունը կամ կերպարը մնում էր ճանաչողական մակարդակում և զերծ էր գաղափարային կամ քննադատական բազմաշերտությունից։ 

1) Կենսագրական տվյալների համար տես` Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ282

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 282

Ցուցահանդեսներ

1976։ Անհատական ցուցահանդես, Ռադիոյի և հեռուստատեսության կոմիտե, Երևան

1988։ «Հայաստանը ժուռնալիստի աչքերով», անհատական ցուցահանդես, Հայաստանի ժուռնալիստի տուն, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից