Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արշակ Հաջիբաբի Մնջոյան

1889 - 1961

1910 - 1950 թվականներ

Մնջոյան տոհմիկ լուսանկարիչների ավագ ներկայացուցիչ Արշակ Մնջոյանը` 1920-40-ականների ընթացքում, Թիֆլիսի նշանավոր ատելյեներից մեկի գործակատարն էր։ 1912-ին Արևելյան Հայաստանից Վրաստան տեղափոխվելուց հետո, Արշակն աշակերտել է Սամուիլ Մինչիկին՝ Թիֆլիսում մեծ ճանաչում վայելող նրա տաղավարում։ Կարճ ժամանակ անց Արշակը հիմնել է սեփական լուսանկարչատունն Էրիվանյան (Պուշկինյան) փողոցի վրա։ 1921-ին բոլշևիկյան ղեկավարությունը լուսանկարչին մեղադրում է սպեկուլիացիայի մեջ, բռնագրավում է ունեցվածքը և արտաքսում Ռուսաստան։ Վերադառնալով 1925-ին, նա վերսկսում է իր աշխատանքը Լեսելիձե փողոցի վրա գտնվող նոր տաղավարում, որը հետագայում տեղափոխվել է Պերվոմայսկայա փողոց։ Մեկ այլ արվեստանոցում էր աշխատում Արշակի եղբայր` Անդրեյը, ով մասնագիտանում էր երեխաների դիմանկարների պատրաստման մեջ։ (1)

Արշակ Մնջոյանի տաղավարի լուսանկարները թույլ են տալիս դիտարկել արվեստանոցային լուսանկարչության փոխակերպումը Կովկասում` Նէպ-ի (Նոր տնտեսական քաղաքականության) տարիներից մինչև 1960-ականների սկիզբը։ Այդ դիմանկարներում արտացոլվում է բուրժուական, կոսմոպոլիտ Թիֆլիսի դժվարակամ անցումը դեպի սոցիալիստական մշակույթ։ Մնջոյանի տաղավարում այցելուները հաճախ կրում էին նախասովետական շրջանից մնացած իրենց առավել ճոխ հագուստները կամ պերճանքի պարագաները, որոնց միջոցով դեռևս հնարավոր էր արտահայտել սեփական ճաշակն ու մատնանշել նախկին սոցիալական դիրքերի պատկանելիությունը։ 

Մնջոյանի արվեստանոց հաճախում էին նաև «մասնագիտական» դիմանկարների համար` հատկապես թատրոնի, կինոյի և սպորտի գործիչները։ Չնայած ոճական առումով այդ լուսանկարներն առանձնակի չէին տարբերվում տեղական այլ արվեստանոցների արտադրանքից, Մնջոյանը միշտ պրոֆեսիոնալ բարձր մակարդակ էր ապահովում իր բոլոր այցելուների համար, և այդ իսկ պատճառով նրա լուսանկարչատունը տարիներ շարունակ մնում էր քաղաքի առավել սիրված տաղավարներից մեկը։

Լուսանկարչատունը գործում է մինչ օրս, քանզի Մնջոյանի մահվանից հետո այն ղեկավարել են նրա որդին` Գևորգը, իսկ հետագայում թոռը` Արշակը։

1) Екатерина Микаридзе, "Тифлисское" фотоателье и "Любовь без границ", https://sputnik-georgia.ru/columnists/20160224/230334697.html (դիտվել է` 20.10.2017)

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Վրաստան, Վրաց. ԽՍՀ

Քաղաք

Թիֆլիս, Թբիլիս

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 253

Микаридзе, Екатерина. "Тифлисское" фотоателье и "Любовь без границ", https://sputnik-georgia.ru/columnists/20160224/230334697.html (դիտվել է` 20.10.2017)

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից