Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Գուրգեն Հակոբի Միսակյան

1926 - 1990

1940 - 1980 թվականներ

Միսակյանի` «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի մոտ գտնվող լուսանկարչական տաղավարը ժամանակին հայտնի էր որպես Երևանի լավագույն լուսանկարչատներից մեկը։ Իր բարձրագույն կրթությունը լուսանկարիչը ստացել է Մոսկվայի Կինո Ինստիտուտում (ՎԳՒԿ), որպես կինո-օպերատոր։ 1949-ին վերադառնալով Երևան, նա սակայն նախընտրել է զբաղվել լուսանկարչական գործնեությամբ։(1)

Նրա կինո-օպերատորական կրթությունն, այնուամենայնիվ, իր ազդեցություն է թողել Միսակյանի լուսանկարչական ոճի կազմավորման վրա։ Կինոյի և արվեստի գործիչներին լուսանկարելուց հատկապես, Միսակյանը ջանացել է ստեղծել վառ անհատականությամբ օժտված կերպարներ, որոնք ասես ինչ որ դրամատիկ կամ կատագերկական պատումի մասնակիցներ լինեն։ Նրա մոտ նկարահանված բազմաթիվ արվեստագետներ, ինչպիսիք են Հրաչյա Ներսիսյանը, Օհան Դուրյանը, Առնո Բաբաջյանը, Վարդան Աճեմյանը, Տաթևիկ Սազանդարյանը և այլոք, ներկայանում են ոչ թե որպես մշակութային ասպարեզի գլամուրային դեմքեր, այլ մտավորականներ։ Այդ դիմանկարներից շատերը կարելի է համարել որպես «դասական» տաղավարային դիմանկարչության ամենազտված օրինակները խորհրդահայ լուսանկարչության պատմության մեջ։ Վերատպվելով հանրապետական մամուլում, բացիկների հավաքածուներում և գրքերում դրանց զգալի մասը լայն տարածում է գտել Հայաստանում, իսկ որոշ գործեր արժանացել են մրցանակների տարբեր համամիութենական լուսանկարչական ցուցահանդեսներում`1950-60-ականներին։  

1974 թվականին, Միսակյանը տեղափոխել է Մովսես Խորենացի 29 հասցե, ուր աշխատել է մինչև 1980–ականների վերջը։ Նրա որդիները` Արա և Հակոբ Միսակյանները եղել են հոր օգնականները և շարունակել են նրա աշխատանքը Գուրգենի մահվանից հետո։ 

1) Կենսագրական տվյալները ըստ Հակոբ Միսակյանի տվյալների։ Տես` Վահան Քոչար։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 246-249

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Ոստան գ. (ծն.), Երևան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 246-249

Այլ նկարներ այս հեղինակից