Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Բաբկեն Մելքոնի Մավիսակալյան

1910 - 1994

1940 - 1980 թվականներ

Հայաստանի վավերագրական լուսանկարչության պատմության մեջ՝ իր բեղուն և երկարակյաց գործնեության շնորհիվ առանձնանում է Բաբկեն Մավիսակալյանի անունը։ Փրկվելով Ցեղասպանության վերջին կոտործաներից, Մավիսակալյանը ընտանիքով փախչել է Իզմիրից 1922-ին, ժամանակավորապես հաստատվելով Հունաստանում, իսկ 1925-ից Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ 1936 թվականին նա միանում է ներգաղթողների առաջին ալիքին և վերադառնալով Հայաստան ակտիվորեն մասնակցում է հանրապետության մշակութային կյանքին։ Ունենալով պրոֆեսիոնալ երաժշտական ունակություններ որպես ակորդահար, Մավիսակալյանը ներգրավված է եղել Ցոլակ Վարդազարյանի երաժշտախմբում իսկ 1938-ից` Արտեմի Այվազյանի պետական ջազային անսամբլում։ Անսամբլը նվագել է «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում ու քաղաքի ռեստորաններում և համերգներով ներկայացել է Մոսկվայում։(1)

Ժամանակավորապես դադարելով իր ստեղծագործականգործնեությունը, Մավիսակալյանը ուղեվորվել է ռազմաճակատ և որպես շարքային զինվոր մարտնչել է ընդհուպ մինչև Հայրենական Մեծ Պատերազմի ավարտը։ Երևան վերադառնալուն պես, նա մի քանի տարի շարունակել է ակորդեոն նվագել, սակայն 1948-ից արդեն ներկայացել է որպես լուսանկարիչ, իր առաջին լուսանկարները տպագրելով նորաստեղծ «Խորհրդային Հայաստան» ամսագրում։ Ըստ Վահան Քոչարի, Մավիսակալյանը սովորել է լուսանկարչական տեխնիկային Թորգոմ Բոյաջյանի մոտ` Ռաֆայել Համբարձումյանի հետ միասին։(2)

Գործնեության սկզբնական շրջանում լուսանկարիչն աշխատել է Հայաստանի տարբեր քաղաքներում` Արտաշատում և Ծաղկաձորում, որտեղ նա հիմնել է լուսանկարչական տաղավարներ։ Ավելի ուշ` 1961-1973 թվականներին, Մավիսակալյանը մուտք է գործել թանգարանային ոլորտ, աշխատակցելով Հայաստանի պատմության թանգարանին և Հայաստանի պետական պատկերասրահին որպես հաստիքային լուսանկարիչ։ Սակայն Մավիսակալյանի համար առավել առաջնահերթայինէինռեպորտաժային ու վավերագրական լուսանկարչությունը։ Իր պաշտոնական գործնեությանը զուգահեռ նա անհատականորեն լուսանկարել է Հայաստանին վերաբերվող բազմազան թեմաներ` նկարագրելով երկրի բնությունը, արդյունաբերական ձեռքբերումները, ճարտարապետությունը և հատկապես մշակութային գործիչներին։ Այդ պատկերներից շատերը բազմիցս տպագրվել են Հայաստանյան գրեթե բոլոր պարբերականներում և լույս են տեսել առանձին գրքերի տեսքով։ 

Մավիսակալյանի լուսանկարչական աշխարահայցքը ձևավորվել է իր հայրենասիրության և կոմունիստական խորը համոզմունքների ներքո։ Սովետական կյանքը գովերգող նրա բազմաթիվ լուսանկարներում պատկերը ծառայեցվում է ոչ միայն սոցիալիստական հայեցակարգերիներկայացմանն այլ նաև` իրականացմանը։ Զրկված որևէ վերլուծական գործառույթից, այդ լուսանկարները նույնանում են գաղափարախոսությանը` ներկայացնելով Խորհրդային Հայաստանը որպես կոմունիստականդրախտավայր։ Նույնիսկ իր էպիկական ռոմանտիզմով պարուրված բնանկարներում` Մավիսակալյանը ներկայացնում է բնությունը որպես մարդու կողմից նվաճված ու մարդուն ծառայող։ Այդ տեսանկյունից հատկապես հետաքրքիր են նրա` հայ մշակութային գործիչների և գրողների դիմանկարները, որոնց թվում են Մարտիրոս Սարյանը, Երվանդ Քոչարը, Գառզուն, Տաթևիկ Սազանդարյանը, Հակոբ Հակոբյանը և այլոք։ Մտավորականնայստեղ հառնում է որպես արդիական կյանքի կարևորագույն արժեք և, ազգային ինքնությունն իմաստավորող առանցք։ 

Կյանքի վերջին տարիներին, Մավիսակալյանը մեծամսամբ կենտրոնացել է արվեստի առարկաների լուսանկարչության վրա և հեռացել է վավերագրության ասպարեզից։ 

1)  (անստորագիր) «Բեղուն տարիներ», Սովետական Հայաստան, հ10, 1984

2) Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ242

 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Իզմիր (ծն.), Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

(անստորագիր) «Բեղուն տարիներ», Սովետական Հայաստան, հ. 10, 1984

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 242-245

Ցուցահանդեսներ

1980։ «Մարդիկ և տարիներ», անհատական ցուցահանդես, Արվեստի աշխատողի տուն, Երևան

1983։ Անհատական ցուցահանդես, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից