Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Վազգեն Սերգեյի Ղասաբյան

1936 - 2006

1960 - 2000 թվականներ

 

Իր առաջին մասնագիտական քայլերից իսկ Վազգեն Ղասաբյանը ներկայացել է որպես Խորհրդահայ վավերագրական լուսանկարչության առավել տաղանդավոր ու յուրօրինակ աշխարահայացքով օժտված դեմքերից մեկը։ Իր կարիերայի սկզբում` 1957-1962 թվականներին, աշխատել է Վրաստանի մշակույթի նախարարությունում և թղթակցել է «Զարյա Վոստոկա» ու «Վեչերնի Թբիլիսի» թերթերին։ 1963-ից մշտական բնակչություն է հաստատել Երևանում, անդամակցել է «Երևան» ֆոտոխմբակին ու մինչև 1991 թվականը աշխատել է «Կոմունիստ» թերթում»։(1) 

Ղասաբյանի լուսանկարչության առանձնահատկություններից է հումանիստական տեսլականի և մոդեռնիստական ֆորմալիզմի միահյուսումը։ Իրլուսանկարներումնա նախընտրում էր ներկայացնել ֆիզիկական միջավայրը անդադար շարժման մեջ, իսկ մարդուն`զգայականորեն լարված ու էքսպրեսիվ իրավիճակում։ Այդ իսկ պատճառով Ղասաբյանը սովորաբար անդրադարձել է դերասանների, արվեստագետների, երաժիշտների ու մարզիկների կերպարներին։ Լուսանկարչի` «որոշիչ պահը» որսալու հմտությունը նշել են իր ժամանակակիցներից շատերը և ինչպես համարում էր «Սովետսկոյե ֆոտո» ամսագրի թղթակիցը, 1960-ականների հայկական լուսանկարչության համատեքստում, Ղասաբյանը լուրջ ստեղծագործական հայտ ներկայացնող արվեստագետներից մեկն էր։(2) 

1960-ականների միջազգային լուսանկարչությանը, ինչպես նաև խրուսչովյան «Ձնհալին» բնորոշ ազատականությունը արտացոլվել է Ղասաբյանի ֆորմալիստական համարձակ փնտրտուքների մեջ։ Շարժման մեջ ձևախեղված ֆորմաները, սուր  անկյունները, մասնատումներն ու կտրուկ լուսաստվերային անցումները նրան հնարավորություն էին տալիս փոխանցելու ոչ միայն արձանագրված պահի դինամիզն այլև դրա անմիջականությունը։ Այդ գործերում բացակայում է դասական, սոց-ռեալիստականլուսանկարչության մեջ համատարած կիրառում գտած բեմականացման նորմաները։ Ղասաբյանը հրավիրում է հանդիսատեսին մեկնաբանել ու վերապրել իր վավերագրած պահերը, նշմարելով հայաստանյան լուսանկարչության մեջ քննադատական հայացքի առաջխաղացումը։ 


(1) Տես Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ218
(2) «В обективе Армения», Советское фото, հ. 7, 1965, էջ6

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ, Վրաստան, Վրաց. ԽՍՀ

Քաղաք

Թբիլիսի (ծն.), Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ218;
«В обективе Армения», Советское фото, հ. 7, 1965, էջ6

Այլ նկարներ այս հեղինակից