Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Գաբրիել Հովհաննեսի Խանոյան

1898 - 1982

1930 - 1960 թվականներ

 

Ընդհուպ մինչև 2000-ականները, Երևանի Աբովյան 12 հասցեում գտնվող «Խանոյան» լուսանկարչտունը համարվում էր քաղաքի ամենաերկարակյաց և հանրության կողմից ամենասիրված ֆոտո-տաղավարը։(1) Այն հիմնադրել է 1934-ին Հայաստան ներգաղթած Գաբրիել Խանոյանը։ Ըստ Վահան Քոչարի կենսագրական բառարանի՝ նա մասնակցել է 1915-ի Վանի պաշտպանությանը, ապա գաղթել է Ռուստատան, որտեղ հնարավորություն է ունեցել մասնագիտանալ լուսանկարչության մեջ, աշակերտելով ռուս լուսանկարիչ Բրաուդին։(2) «Խանոյան» լուսանկարչատունը բացել է իր դռները 1937-ին՝ նախկին Սպայի տանը։(3) Շուտով, հաստատությունը լայն ճանաչում է ձեռք է բերում՝ հատկապես շնորհիվ արվեստի գործիչների դիմանկարների, որոնք բազմացվում և վաճառվում էին ֆոտո-բացիկների տեսքով։ Այս հարուստ պատկերաշարքի մեջ էին 1930-70-ականներին Հայաստանում գործող գրեթե բոլոր ականավոր մշակույթային դեմքերին՝ Ավետիք Իսահակյան, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Դավիթ Մալյան, Արամ Խաչատուրյան, Հովաննես Շիրազ, Պարույր Սևակ և այլոք։ Երկար տարիներ Խանոյանը աշխատել է նաև որպես Սունդուկյանի թատրոնի լուսանկարիչ, ստեղծելով ոչ միայն բեմական գործիչների, այլ նաև ներկայացումները վավերագրող լուսանկարներ՝ որոնք ունեն եզակի պատմական արժեք։ 

Թատրոնի հետ երկարամյա համագործակցությունը իր խորը հետքն է թողել է Խանոյանի արվեստի վրա։ Նրա դիմանկարներին բնորոշ են միզանսցենի ակնհայտ թատերայնությունը, լուսաստվերային դրամատիկ և կտրուկ անցումները, ինչպես նաև լուսանկարվող անհատներին սուր «պերսոնաժային» կերպարանք հաղորդելու միտումը։ Ավելորդ մանրամասները, և նկարահանվողների ֆիզիկական թերությունները մաքրվում էին մանրակրկիտ ռետուշի միջոցով, իսկ սև-սպիտակ լուսանկարները հաճախ ձեռքով գունավորվում էին՝ ըստ այդ տարիներին տարածված սովորույթի։(4) Սակայն ի տարբերություն Եգիպտոսում և Եվրոպայում աշխատող հայ կոմերցիոն լուսանկարիչների, Խանոյանի գլամուրային դիմանկարներում համարյա թե իսպառ բացակայում է այդ ժանրին բնորոշ էրոտիզմը։ Իր ֆոտո-տաղավարին զուգահեռ, նա աշխատել է նաև որպես վավերագրական լուսանկարիչ, արձանագրելով կերպանափոխվող Երևանի անհետացող անկյունները և կարևոր իրադարձություները։ Խանոյանը այն քիչ հայ լուսանկարիչներից է ում գործնեությունը ժամանակակիցները բարձր էն գնահատել, կոչվելով նրան «արվեստագետ» և «արտիստ»։ 

1950-ականներից, լուսանկարչատան աշխատանքը հիմնականում ստանձնում է Գաբրիել Խանոյանի քրոջ որդին՝ Օննիկ (Հովհաննես) Հարությունյանը։ Չնայած այս զարգացմանը, լուսանկարչատունը շարունակում է պահպանել Խանոյանի անունը, ինչպես և դրան բնորոշ ոճը։ 2000-ականներին մասամբ քանդվեց Աբովյան 12 պատմական շենքը և Խանոյանների ֆոտո-տաղավարը այսօր տեղակայված է Պուշկին փողոցում գտնվող նորակառույց շենքում։ Այն գործածում է Օննիկ Հարությունյանի որդին՝ Արմեն Խանոյանը։ Ըստ նրա հաղորդած տեղեկությունների, լուսանկարչատան արխիվը ընդգրկում է 6000-ից ավել ապակե և ժապավենային սևապատկերներ։(5) Վերջերս, Խանոյանների ժառանգները նվիրաբերեցին այս հարուստ հավաքածուն Եղիշե Չարենցի անվան Գրականության և Արվեստի Թանգարանին։ 

1)Լուսանկարչատան հիմնադրման տարեթիվը տարբերվում է մի շարք աղբյուրներում և վկայություններում։ Որպես առավել վստահելի և հավանական տարեթիվ ընդունել ենք Վահան Քոչարի հրատարակած տեղեկությունը։

2)Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ179:

3)Այս պատմական շենքը գտնվում էր այժմյան Վազգեն Սարգսյան փողոցի վրա։ Այն հիմնահատակ քանդվել է 2000-ականներին բազմաֆունկցիոնալ կոմպլեքս կառուցելու համար։

4)Խանոյանների լուսանկարչատունը շարունակում էր լուսանկարների գունազարդումը նույնիսկ երբ գունավոր տպագրությունը վաղուց դառել էր լայնորեն կիրարվող և մատչելի տեխնոլոգիա։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան

Քաղաք

Երևան

Լուսանկարչատուն

Խանոյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 179

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան; Եղիշե Չարենցի անվ. Գրականության և Արվեստի Թանգարան, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից