Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Սենեքերիմ Ա. Լալայանց

1890 - 1910 թվականներ

Ալեքսանդրապոլում գործող Սենքերիմ Լալայանցը ամենայն հավանականությամբ Կարսում հաստատված Արտաշես Լալայանցի եղբայրն է։ Ըստ երևույթին, Սենեքերիմի` հ. 22 Կաթոլիկական փողոց հասցեում բացված լուսանկարչատունը սկզբում գործել է որպես Կարսի տաղավարի մասնաճյուղ և առանձնացել է 1890-ականների վերջին։ 

Լալայանցի լուսանկարչատուն էին հաճախում Ալեքսանդրապոլի բոլոր խավերը` տոհմիկ, մեծահարուստ ընտանիքներից սկսած մինչև մանր առևտրականներ ու արհեստավորներ։ Տարասեռ ու բազմատեսակ պարագաներով հարդարված այս տաղավարը, ուր միախառնված էին եվրոպական, կլասիցիստական սյուժեներով ետնապատկերը, կայսերական ոճի կահույքն ու հայկական գորգերն և կենցաղային իրերը` ցայտուն ձևով բնորոշում էր դարասկզբի Գյումրիի հասարակական-մշակութային համատեքստը։ Հատկապես մեծ ոգևորվածությամբ են բեմադրված Լալայանցի խմբակային դիմանկարները, որոնց անբռնազբոսիկ կեցվածքները, գունեղ տարազները ու տեսախցկի առջև լուսանկարվողների անկաշկանդ պահվածքը պատկերացում են տալիս Գյումրիի թե՛ ընտանեկան և թե՛ ընկերական խմբերի մտերմիկ ու հանրային հարաբերությունների մասին։ Հատկանշական է որ այս դիմանկարների մեծ մասը ունի տոնական բնույթ ու ներկայացնում է (գերազանցապես տղամարդկանց դեպքում) տաղավարում բեմադրված խնջույքների տեսարաններ։ Ընկերական կապերի, կամ զուտ «լավ տրամադրության» այս հուշագրումները մատնանշում են, որ արդեն իսկ 20-րդ դարի սկզբում` լուսանկարչությանը Հայաստանում գործածվում էր տեղացիների կոցմից որպես անձնական պատմագրության կարևոր և անհատականացված միջոց։ 

Ելնելով Ս. Լալայանցի պահպանված աշխատանքներից ենթադրում ենք որ նրա ձեռնարկությունը գոյատևել է մինչև 1910-ականների սկիզբը։ 

 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Ալեքսանդրապոլ

Լուսանկարչատուն

Ս. Լալայանց

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Ժողովրդական Ճարտարապետության և Քաղաքային Կենցաղի Թանգարան, Գյումրի; Հայաստանի Պատմության Թանգարան, Երևան