Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արտաշես Ա. Լալայանց

1890 - 1910 թվականներ

Արտաշես Լալայանցի կենսագրական տվյալները չափազանց սուղ են: Դատելով պահպանված լուսանկարներից, նա հիմնել է իր առաջին լուսանկարչատունը Ալեքսանդրապոլում և քիչ հետո Կարսում և Թիֆլիսում, 1890-ականների սկզբերին: Իր ակտիվությամբ եղել է այդ ժամանակների ամենագործունյա և հանրաճանաչ լուսանկարիչներից մեկը տարածաշրջանում: Լալայանցի լուսանկարչական տաղավարում սիրում էին լուսանկարվել Կարսի և Ալեքսանդրապոլի միջին և վերին խավի ներկայացուցիչները: Այդ դիմանկարները այսօր ունեն մեծ պատմական և ազգագրական հետաքրքրություն, քանզի լուսանկարվողները հաճախ ներկայանում էին տաղավարում իրենց առավել ճոխ և հարուստ տարազներով և հանդերձներով: Նմանապես` Լալայանցի լուսանկարների շնորհիվ մեզ են հասել Գյումրվա բազմաթիվ վարպետների, երաժիշտների և այլ պատվավոր քաղաքացիների կերպարները: Լուսանկարիչը նաև մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, որոնցից մեկում` «Լուսանկարչական ընկերության» կողմից, 1894թ-ին Թիֆլիսում և Մոսկվայում անցկացված լուսանկարչական ցուցահանդեսում ստացել է մրցանակ։(1) 

Լալայանցի թերևս ամենակարևոր աշխատանքն է` 1900թ-ին Ստ. Պետերբուրգում հրատարակված «Կարս քաղաքի և Կարսի նահանգի տեսարանների ալբոմը»: Ֆրանսերեն, հայերեն և ռուսերեն լեզվով այս հրատարակությունը տպվել է օֆսեթային տեխնիկայով և վաճառվել է Թիֆլիսի, ինչպես նաև Ռուսաստանի մի շարք քաղաքներում: Այն ներառում է մի շարք եզակի լուսանկարներ որոնք ներկայացնում են Կարսի շրջանի բազմամշակութային կենցաղն ու բնակչությունը, ինչպես նաև նահանգի հայկական ճարտարապետության կոթողները

Ինչպես կարելի է դատել ժամանակագրական առումով վերջին լուսանկարներից, Լալայանցն իր գործնեությունը ավարտել է Թիֆլիսում, բոլշևիկյան հեղափոխությունից առաջԱլեքսանդրապոլում գործող Սենեքերիմ Լալայանցը ամենայն հավանականությամբ Արտաշեսի եղբայրն է, կամ մոտիկ հարազատներից։ 

(1) Սույն փաստը նշված է Լալայանցի լուսանկարչատան կնիքներից մեկի վրա:

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Ալեքսանդրապոլ, Կարս, Թիֆլիս

Լուսանկարչատուն

Լալայանց

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Լալայանց, Արտաշես։ Կարս քաղաքի և Կարսի նահանգի տեսարանների ալբոմ, Ստ. Պետերբուրգ, 1900

Հավաքածուներ

Հայաստանի Պատմության Թանգարան, Երևան; Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան; Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի

Այլ նկարներ այս հեղինակից