Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արտո Դե Միրջյան (Դեմիրջյան)

1920 - 1940 թվականներ

Ամերիկյան շոու-բիզնեսի գովազդային լուսանկարչության կարկառուն ներկայացուցիչներից է Նյու Յորքի ԴեՄիրջյան ատելյեն, որը 1928 թվականից մինչև 1950-ականները ղեկավարել է ԱրտոԴեմիրջյանը` վաղամեռիկ լուսանկարիչ Ջոն ԴեՄիրջյանի կրտսեր եղբայրը։(1) Ընտանիքի հետ միասին Խարբերդից գաղթել է Ցեղասպանության տարիներին, հավանաբար Նյու Յորքում արդեն հաստատված բարեկամների շնորհիվ։ Լուսանկարչության մեջ Արտո ԴեՄիրջյանը խորացել է եղբոր շնորհիվ ում հետ նա համագործակցել է 1920-ականների ընթացքում, վերածելով ԴեՄիրջյան տաղավարը Նյու Յորքի հայտնի կոմմերցիոն լուսանկարչատներից մեկը։ Ջոն Դե Միրջյանի մահից հետո, լուսանկարչատան արտադրանքն ու ոճը էական փոփոխություններ չեն կրել։ Տաղավարը հիմնակում սպասարկել է Բրոդվեյյան թատերական շրջնականերին, ստեղծելով բեմական արվեստի գործիչների և հատկապես երիտասարդ պարուհիների ու դերասանուհիների լուսանկարներ։ 

Արտո ԴեՄիրջյանի լուսանկարները համապատասխանում էին 1930-40-ականներին տարածված ոճական ըմբռնումներին։ Դա դասական «գլամուրային» լուսանկարչության ծաղկման շրջանն էր, որն իր մեջ ներառում էր մոդեռնիստական արվեստի առավել մակերեսային ձևաչափերը։ Արտոյի դիմանկարները շեշտում են իր մոդելների էրոտիկ հմայքը, «աստղային» ներկայունությունն ու ֆիզիկական ձգողականությունը։ Ի տարբերություն իր եղբոր` պերճ, գեր-դրամատիկ ու թատերականացված լուսանկարների, Արտոն նախընտրել է պատկերման պարզ ու մաքուր ձևեր, ավելի մեծ ուշադրություն հատկացնելով իր կերպարների անհատական բնութագրմանը։ 

1) Ըստ Նյու Յորք նահանգի մարդահամարի տվյալների Արտո ԴեՄիրջյանը մահացել է Նյու Յորքում 1979-ին` 80 տարեկան հասակում։ Մեզ չի հաջողվել ստույգ ճշտել արդյոք այս տվյալները վերաբերվում են լուսանկարչին, թե մեկ այլ անհատի։ 

Ազգություն

ամերիկացի, հայ

Տարածաշրջան

ԱՄՆ, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Խարբերդ (ծն.), Նյու Յորք

Լուսանկարչատուն

Դե Միրջյան

Մասնագիտացում

գեղարվեստական, լուսանկարչատուն, կոմմերցիոն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Antreassian, Jack Arthur (ed). Armenians in America, Armenian General Benevolent Union of America, Incorporated, 1977, էջ 60

Այլ նկարներ այս հեղինակից