Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ջոն (Հովհաննես) Մկրտիչ Գարո (Կարոյան)

1870 - 1939

1900 - 1930 թվականներ

Ամերիկյան գեղարվեստական լուսանկարչության` 20-րդ դարի սկիզբի առավել նշանավոր դեմքերից է, այսօր գրեթե իսպառ մոռացված Հովհաննես Կարոյանը (Ջոն Գարո)։ Իր արվեստային ունակությունները Հովհաննեսը բացահայտել է դեռ փոքր տարիքում, Խարբերդի ամերիկյան միսիոներական դպրոցում։ Թերևս հենց այդ բացառիկ ձիրքի պատճառով էլ նրան հաջողվել է տեղափոխվել ԱՄՆ դեռ պատանի տարիքում` 1880-ականների երկրորդ կեսին։(1)

Թեև Գարոն իր սկզբնական քայլերը արել է գեղանկարչությունում, նա բավականին արագ է կողմնորոշվել իր ապագա մասնագիտական ուղղությունը։ Բոստոն տեղափոխվելուց հետո նա փորձառություն է ձեռք բերում որպես լուսանկարչի օգնական և այն աստիճան է առաջադիմում որ արդեն 1902֊ին բացում է իր սեփական` լուսանկարչական ատելյե֊տաղավարը։ 1900-ից, մինչև 1930-ականների ֆինանսական ճգնաժամը, Գարոն համարվել է ժամանակի ամենապահանջված և հայտնի ամերիկյան լուսանկարիչներից մեկը։ Նրա մոտ լուսանկարվում էին ոչ միայն վերին խավի ներկայացուցիչները, այլև բազմաթիվ քաղաքական և արվեստի գործիչներ, ինչպես օրինակ` Չառլս Բարետը, Սամուել Թաուերսը, Ջորջ Էլիոտը և ԱՄՆ նախագահ Կալվին Քուլիջը։ 

Լուսանկարչի հաջողության գրավականը կայանում էր նրա լուսանկարների «գեղանկարչական» հմայքի մեջ։ Տարատեսակ տպագրական տեխնոլոգիաների ու հատկապես gum bichromate մեթոդի կիրառմամբ` Գարոն ստանում էր նուրբ երանգային ու լուսա֊ստվերային էֆֆեկտներ որոնց շնորհիվ լուսանկարը կորցնում էր իր իլյուզիոնիստական հատկությունը և նմանվում էր գրաֆիկական կամ յուղաներկ գործի։ Նրա դիմանկարներում արտացոլված է հոլլանդական 17-րդ դարի դիմանկարչության, ինչպես նաև ֆրանսիացի լուսանկարիչ Նադարի ազդեցությունը։ Ռեալիստական արվեստի այդ դասականների պես, Գարոն ձգտում էր փոխանցել իր հաճախորդների ոչ թե լոկ համոզիչ կամ շողոքորթող նմանակումը այլ ներկայացնել նրանց որպես եզակի ներարշխարհով օժտված ինքնություններ։ Այսպիսով, դիմանկարը դառնում էր մարդու կյանքն ու էությունն ամփոփող գեղարվեստական երկ, մի մոտեցում` որը հետագայում ներազդել ու ձևավորել է Գարոյի օգնական Յուսուֆ Քարշի լուսանկարչական արվեստը։ Միջազգային պատկերապաշտական (pictorialist) լուսանկարչությունում տարածված այս ձևաչափերը առավել ցայտուն էին դառնում Գարոյի բնանկարներում, նատյուրմորտներում և այլաբանական թեմաներով լուսանկարներում։ Այդ աշխատանքներով նա պարբերաբար հանդես է եկել Բոստոնի, ինչպես նաև այլ ամերիկյան քաղաքներում կայացած ցուցահանդեսներին, միշտ գրավելով քննադատների համակրանքը։ Միայն 1905-07 թվականներին Գարոն անընդմեջ առաջին տեղն է գրավել Գոերց Քափ կոչվող հայտնի լուսանկարչական մրցույթում (2)։

Սակայն 1930-ականների սկզբից լուսանկարչության մեջ կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում։ Պատկերապաշտական և գեղանկարչական միտումները դառնում են հետադիմության խորհրդանիշ, ի դեմս այն «իրատեսական» մոդեռնիստական հոսանքների որոնք ԱՄՆ-էին ներթափանցում Գերմանիայից, Ռուսաստանից և Հունգարիայից։ Այդ հեղափոխական ալիքը մարմնավորում էր արդյունաբերական նոր դարաշարջանը, որին բավականին խորթ էր Գարոյի և իր շրջանակի փոքր-ինչ սալոնային էսթեթիզմը։ Դրա պատճառով, ինչպես նաև Ուոլ Սթրիթի ֆինանսական ճգնաժամի հետևանքներից ելնելով, լուսանկարչի ձեռնարկությունը անկում է ապրում և նա մահանում է գրեթե աղքատության մեջ։ Ցավոք ոչ ավելի լավ ճակատագիր էր վիճակվում նաև Գարոյի ստեղծագործական ժառանգությունը, որը նրա մահից հետո մասնատվել և մեծամասմբ կորել է։

Իր կենդանության օրոք Գարոն չի կորցրել հայրենակիցների հետ կապերը։ Նրա ընկերներից էր Մարդինից գաղթած, կանադահայ լուսանկարիչ Ջորջ Ազիզ Նաղաշը, ով ծանոթացել էր Գարոյին 1920-ականների սկզբին, լուսանկարչական մրցույթի ժամանակ։ 1928 թվականին` Գարոյի մոտ է ուսանում Նաղաշի երիտասարդ զարմիկ Յուսուֆ Քարշը, ով երեք տարի աշխատել է Գարոյի արվեստանոցում և համարել է նրան իր վարպետը։ (3)

1) Գարոյի` Արևմտյան Հայաստանում ապրած տարիների մասին կենսագրական տվյալները աղոտ են և հակասական։ Որոշ աղբյուրներում նշված է որ նա Ամերիկա է տեղափոխվել 1894-96 թվականների համիդյան ջարդերից հետո, սակայն ավելի հավանական է որ նա այդ ժամանակ արդեն ԱՄՆ-ում էր։ Տես օրինակ` Mehmed Ali. Yousuf Karsh & John Garo: the search for a master’s legacy, Benna Books, 2015

2) Տես` Photo-Era Magazine, vol17, 1906, էջ. 316 և vol. 64, 1930, էջ 42

3) Maria Tippett. Portrait in light and shadow: the life of Yousuf Karsh, Anansi, 2007

Ազգություն

ամերիկացի, հայ, օսման

Տարածաշրջան

ԱՄՆ, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Խարբերդ (ծն.), Բոստոն

Լուսանկարչատուն

Ջոն Գարո

Մասնագիտացում

գեղարվեստական, լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Թեոդիկ, Ամենուն տարեցոյցը, Կ. Պոլիս, 1922, էջ 161

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 125

Ali, Mehmed. Yousuf Karsh & John Garo: the search for a master’s legacy, Benna Books, 2015

Unsigned. 'National competition for Goerz Cup decided', Photo-Era Magazine, vol17, 1906, էջ 316

Tippett, Maria. Portrait in light and shadow: the life of Yousuf Karsh, Anansi, 2007

 

Ցուցահանդեսներ

1905: «Goerz Cup» մրցույթ, Նյու Յորք։ Առաջին մրցանակ

1906: «Goerz Cup» մրցույթ, Նյու Յորք։ Առաջին մրցանակ

1907: «Goerz Cup» մրցույթ, Նյու Յորք։ Առաջին մրցանակ

Հավաքածուներ

Գեղեցիկ Արվեստների Թանգարան, Բոսթոն Հարվարդ Արվեստների Թանգարան, Հարվարդ, ԱՄՆ

Այլ նկարներ այս հեղինակից