Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ալեքսանդր Իվանի Արությունով (Հարությունյան)

1938 - 1979

1960-ականներին ասպարեզ եկած Ալեքսանդր Արությունովը խորհրդային շրջանի «ուղղիղ» վավերագրական լուսանկարչության ականավոր ներկայացուցիչներից է։ Ինչպես նշում են գրող Իրինա Զուցովան և լուսանկարիչ Յուրի Մեչիտովը նա խոր ազդեցություն է թողել թբիլիսյան շատ երիտասարդ լուսանկարիչների կազմավորման վրա։(1)

Արութունովը եղել է ազատ լուսանկարիչ իր ողջ ստեղծագործության ընթացքում։ Համագործակցելով Վրաստանի, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի պարբերականների և հրատարակչությունների հետ, նա հիմնականում հեռու է մնացել «հաստիքային» լուսանկարչի գործնեությունից, նախընտրելով իրեն հուզող և հետաքրքրող սյուժեների հետևողական ուսումնասիրումը։ Դրանք առնչվում են Թբիլիսիի բազմերանգ և բազմազգ բնակչության առօրյա կյանքին և Վրաստանի գեղատեսիլ գյուղական միջավայրին։ Ներշնչված դասական՝ Եվրոպական վավերագրական լուսնկարչության կանոններով (հատկապես Անրի Կարտիեր Բրեսոնի և Բրասայի աշխատանքներով), Արությունյանը իր ուշադրության կենտրոնում էր պահում սովորական մարդու մշակույթային և հոգեբանական աշխարհը։ Անհատի և իր միջավայրի հարաբերությունները ներկայացված են «փափուկ» կոնտրաստների միջոցով, որոնք նրբին ձևով ակնարկում են խորհրդային և տեղական մշակույթի, ինչպես նաև անցյալի և արդիության միջև ծագող հակասություններն ու կոնֆլիկտները։ Արությունյանի գործերը սակայն զերծ էին պոլեմիկ և քաղաքականացված հայացքներից և լուսանկարիչը՝ նույնիսկ իր ամենաանմիջական պատկերներում ներկայանում է որպես անշահախնդիր դիտորդ։ Այդ առումով այս գործերը ուղղակիորեն հարում են Խրուշչովյան «ձնհալի» ժամանակաշրջանի նոր սոցիալիստական ռեալիզմի փնտրտուքներին։ 

Գեղարվեստական տեսանկյունից առանձնապես հիշարժան են Արությունյանի կանացի դիմանկարները։ Ներծծված լիրիկական տրամադրությամբ, դրանցից յուրաքանչյուրը ձգտում է բանաստեղծական կարգավիճակի, ներկայացնելով անհատին որպես հոգեբանական առեղծված։ Նա նաև առաջին խորհրդային լուսանկարիչներից էր ով աշխատել է մերկ (գերազանցապես կին) բնորդների հետ։ Այս աշխատանքներին քաջատեղյակ են եղել նաև հայաստանցի վավերագրական լուսանկարիչներից շատերը՝ որոնց զգալի մասը ծնվել է Թբիլիսում և այցելել են Արությունյանի արվեստանոցը։

Արությունյանը չափազանց բեղուն ստեղծագործող էր։ 1960-70-ականներին նա մասնակցել է համամիութենական գրեթե բոլոր խոշոր ֆոտո-մրցույթներին և հաճախ ներկայացնում էր Վրաստանը տարատեսակ միջազգային ցուցահանդեսներում։ Նրա լուսանկարները գործածված են ավելի քան քսան խորհրդային ֆոտոալբոմներում։ Ըստ լուսանկարչի մտերիմ Իրինա Զուցովայի, Արությունյանի վաղաժամ մահվանից հետո նրա արխիվը պարունակում էր շուրջ քսան հազար սևանկար։ Դրանց զգալի մասը երբևից է չի տպագրվել և հետագա ճակատագիրը մեզ անհայտ է։ 

1) Տե՛ս մատենագրությունը

Ազգություն

հայ, վրացի

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Վրաց. ԽՍՀ

Քաղաք

Թբիլիսի (ծն.)

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Mechitov, Yuri & Sulamanidze Tamar. Photography in Georgia 1955-2012, Pilots, Tbilisi, 2013,  pp.94-95
Զուցովա, Իրինա։ «Ալեքսանդր Հարությունյան», Գարուն, հ.10, 1983, էջ 72-73
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատրակություն, Երևան, 2007, էջ 92-99

Այլ նկարներ այս հեղինակից