Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ալեքսանդր Ալաջյան (Ալաջյանց)

1950 - 1990 թվականներ

Ալեքսանդր Ալաջյանը լուսանկարչական ասպարեզ է իջել 1960-ականների սկզբերին։ Շատ կարճ ժամանակում նա անցել է հայաստանյան ֆոտո-վավերագրողների առաջնային դիրքերը` հարյուրավոր լուսանկարներ հրատարակելով հանրապետական բոլոր խոշոր պարբերականներում, ինչպես նաև «Օգոնյոկ» և «Սովետսկոյե ֆոտո» ամսագրերում։ Այդ պատկերները նաև գործածվել են տեղական և ռուսական հրատարակչությունների կողմից թողարկված լուսանկարչական ալբոմներում։

Լուսանկարչի ստեղծագործական դիմագիծը տարաբնույթ է, նույնիսկ ինքնահակասական։ Բազմաթիվ, «գործնական» ֆոտո-ռեպորտաժների կողքին, Ալաջյանը աշխատել է ինքնուրույն շարքերի ու թեմաների վրա, որոնցից առանձին պատկերներ հրատարակվել են մամուլում և լայն ճանաչում են ձեռք բերել։ Նրա հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում էր ցանկացած թեմատիկ ասպարեզ` բնանկարներից ու դիմանկարներից մինչև մերկանկարներ ու ֆոտոգրամներ (առանց տեսախցիկի արված լուսապատկերներ)։ Հատկանշական է որ Ալաջյանը իր այդ սյուժեները մեկնաբանել է տարատեսակ մոտեցումներից ելնելով, ազատորեն օգտվելով տեղական, ռուսական և արևելաևրոպական լուսանկարչության հարուստ ավանդույթներից։ Իր գյուղական ու հովվերգական պատկերներում լուսանկարիչը սովորաբար սահմանափակվում էր դասական «պիքտորիալիզմի» կանոններով` պարուրելով Հայաստանի պատկերը լիրիկական ու ռոմանտիկ, նաև փոքր-ինչ էկզոտիկ երանգավորումներով։ Այդ լուսանկարներին կտրուկ հակադրվում էին Ալաջյանի` քաղաքային կյանքը ներկայացնող շարքերն ու ռեպորտաժները։ Սուրանկյուն դիտակետների, լայնանկյուն ոսպնյակների, ուժգին լուսաստվերային հակադրությունների միջոցով նա մատուցում է քաղաքը որպես շարժման ու անդադար կերպանափոխման մեջ գտնվող մի օրգանիզմ։ Միաժամանակ, Ալաջյանը նաև դիմում էր վերացական ու «սուբյեկտիվ» լուսանկարչության հնարքներին երբ ենթական ծառայում էր լոկ որպես անհատական ներարշխարհն ու հայացքը բացահայտելու պատրվակ, ինչպես օրինակ իր մերկանկարներում։ Այդ ժանրում Ալաջյանին կարելի է համարել որպես խորհրդահայ լուսանկարչության պատմության մեջ առաջնեկ։ Որոնելով իրականության ու երևակայության սահմանագիծը, նա հաճախ հատում է այդ սահմանը իր կանացի մերկանկարներում, արդյունքում հայտնվելով գերիրական (սյուռեալիստական) տիրույթում։ Այս տարաբնույթ մոտեցումներին միավորում է Ալաջալյանի` աշխարհն ու իրականությունը որպես բազմանկյուն երևույթ դիտարկելու հայեցակարգը։ 

Ալաջյանը կարևոր ներդրում է ունեցել Հայաստանում` գեղարվեստական լուսանկարչության զարգացման և հանրայնացման գործում։ Նա հաճախ կազմակերպել է իր անհատական ցուցահանդեսները Հայաստանի ժուռնալիստների տանը և բազմիցս մասնակցել է արտասահմանյան ցուցահանդես-մրցույթների` ԳՖՀ-ում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ռուսաստանում և Արգենտինայում, որտեղ նրան շնորհվել են մի շարք մրցանակներ ու պատվոգրեր։(1)

1990-ականներին Ալաջյանը ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ։ 

1) (անստորագիր) «Պարզ և անմիջական», Սովետական Հայաստան, հ.12, 1984

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԱՄՆ, ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

(անստորագիր) «Պարզ և անմիջական», Սովետական Հայաստան, հ.12, 1984

Ցուցահանդեսներ

1970։ Անդրկովկասի հանրապետությունների լուսանկարչական ցուցահանդես, Մոսկվա 

Հավաքածուներ

«Լուսադարան» Հայ Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից