Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Պետրոս Անուշավանի Պետրոսյան

ծն․ 1937

1960 - 2010 թվականներ

Պետրոս Պետրոսյանի ստեղծագործական ուղին լուսանկարչությունում ձևավորվել է հարուստ կենսագրական փորձի միջոցով։ Նա լուսանկարել է դեռ դպրոցական տարիներից և իր ունակությունները հղկել է աշակերտելով Հայաստանի լավագույն վավերագրող լուսանկարիչներից մեկին` Հակոբ Հեքեքյանին։ Շուրջ տասնհինգ տարի`1963-1979-ից եղել է «Սովետական Հայաստան» ամսագրի ֆոտոթղթակիցը, իսկ 1967-ին դարձել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ։ 1979-ին անցել է աշխատանքի Սփյուռքի հետ մշակութային կապի կոմիտեում (ԱՕԿՍ) որպես լուսանկարիչ ուր նույն տարիներին աշխատել է նաև Գագիկ Հարությունյանը։ Հայաստանի անկախությունից հետո, 1993-ին դարձել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական լուսանկարիչը և որոշ ժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ (1) 

Պետրոսյանի վավերագրական լուսանկարչական գործնեությունը անցել է բազմաթիվ փուլերով` արտացոլելով 20-րդ դարի երկրորդ կեսի մասսայական լուսանկարչության զարգացման ընդհանուր ընթացքը։ Տուրք տալով 1950-ականների սոց-ռեալիստական պրոպագանդիզմին, Պետրոսյանը արագ անցել է 1960-ականների «ազատական», փորձարարական լուսանկարչության հիմունքներին։ Սակայն արդեն 1970-ականների սկզբից նրա լուսանկարներում սկսում է գերիշխել լրագրողական ֆունկցիոնալիզմն ու փաստա-վավերագրական ուղղվածությունը որն դառնում է առավել շեշտված երբ Պետրոսյանը անցնում է գունավոր լուսանկարչության տեխնիկային։

Ըդհանուր առմամբ, Պետրոսյանը խուսափել է իրադարձության չոր, անտարբեր արձանագրությունից` իր լուսանկարներում հմտորեն ներմուծելով պատումային, կերպարային կամ զուտ հուզական էլեմենտներ` պատկերը ավելի գրավիչ դարձնելու համար։ Այնուամենայնիվ մամուլի համար արված այդ գործերում պատկերված իրադարձությունը կամ կերպարը մնում էր ճանաչողական մակարդակում և զերծ էր գաղափարական բազմաշերտությունից։

1) Կենսագրական տվյալների համար տես` Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ282

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ282

Ցուցահանդեսներ

1976։ Անհատական ցուցահանդես, Ռադիոյի և հեռուստատեսության կոմիտե, Երևան

1988։ «Հայաստանը ժուռնալիստի աչքերով», անհատական ցուցահանդես, Հայաստանի ժուռնալիստի տուն, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից