Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հ. Կարապետյան

1920 - 1940 թվականներ

Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդերում պահվող` 1938 թվականին կազմված մի լուսանկարչական ալբոմում զետեղված են Աշտարակ քաղաքն ու շրջակա գյուղերը ներկայացնող տասնյակ պատկերներ։ Փոքր չափսերի վավերագրական այդ լուսանկարների հեղինակը Հ. Կասպարյանն է, որի ինքնության մասին որևէ տեղեկություն առայժմ չի հայտնաբերվել։ 

Ալբոմը նշանակալից է մի քանի տեսանկյունից։ Այն կարևոր տեսողական փաստարկներ է պարունակում այս տարածաշրջանի մարդկանց, նրան կենցաղի, աշխատանքային պրակտիկաների, հուշարձանների և բնական լանդշաֆտների մասին, երբ հայաստանի բնակչությունը գտնվում էր Ստալինյան ռեֆորմների պատմական ժամանակաշրջանի շեմին։ Կասպարյանի լուսանկարները նաև հետաքրքիր են որպես ոչպաշտոնական վավերագրական և ազգագրական լուսանկարչության նմուշներ։ Դրանց անբասիր ու պարզունակ գեղագիտական մոտեցումները հուշում են Կասպարյանի սիրողական կամ թերևս սկսնակ մակարդակի մասին։ Աշտարակցիների նրա պատկերավորումներում, բացակայում են պրոպագանդիստական լուսանկարչությանը ներհատուկ շինծու հանդիսավորությունն ու ակնբախ թատերայնություննը։ Կասպարյանը փոխանցում է տեղացիների առօրյան` չզտված և հավաստի տեսքով` հաճախ ընդգրկելով աղքատության, չարքաշության ու կեղեքման ցուցանիշներ։  Լուսանկարների հավաքածուն նաև հստակ տեղայնացնում է այս միջավայրը «ազգային» շրջանակի մեջ, ներկայացնելով Աշտարակի և հարակից գյուղերի պատմական հուշարձաններն ու ավանդական ապրելակերպի տարրերը որպես իմաստավորող օղակ։ Լուսանկարչի շիտակ ու զննող հայացքն այս դեպքում որոշակի աղերսներ ունի նոր ռեալիստական` հատկապես ամերիկյան, «սոցիալական» լուսանկարչության դպրոցի հետ։ 

Այնուամենայնիվ` չնայած Կասպարյանի լուսանկարների մտերմիկ անմիջականությանը, դրանցում պատկերված աշխատանքային և ազգագրական դրվագները ունեն վերահսկողական և հավաքագրական բնույթ։ Սա թույլ է տալիս ենթադրել որ լուսանկարիչը ստեղծել է իր ալբոմը որոշակի պաշտոնական գործառույթի համար։ Թեև Կասպարյանի նկարահանած այլ լուսանկարներ չեն հայտնաբերվել, աշտարակյան այս ժողովածուն կարելի է համարել խորհրդահայ վավերագրական լուսանկարչության վաղ շրջանի` «սոցիալ-ռեալիստական» ուղղության յուրօրինակ էջերից մեկը։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Աշտարակ

Մասնագիտացում

վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Հայաստանի Պատմության Թանգարան, Երևան