Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Սենեքերիմ Ա. Լալայանց

1890 - 1910 թվականներ

Ալեքսանդրապոլում գործող Սենքերիմ Լալայանցը ամենայն հավանականությամբ Կարսում հաստատված Արտաշես Լալայանցի եղբայրն է։ Ըստ երևույթին, Սենեքերիմի` հ. 22 Կաթոլիկական փողոց հասցեում բացված լուսանկարչատունը սկզբում գործել է որպես Կարսի տաղավարի մասնաճյուղ և առանձնացել է 1890-ականների վերջին։

Ս. Լալայանցի լուսանկարչատուն հաճախում էին Ալեքսանդրապոլի բոլոր խավերը` տոհմիկ, մեծահարուստ ընտանիքներից սկսած մինչև մանր առևվտրականներ ու արհեստավորներ։ Տարասեռ ու բազմատեսակ պարագաներով հարդարված այս տաղավարը, ուր միախառնված էին եվրոպական, կլասիցիստական սյուժեներով ետնապատկերը, կայսերական ոճի կահույքն ու հայկական գորգերն և կենցաղային իրերը, ցայտուն ձևով բնորոշում էր դարասկզբի Գյումրիի հասարակական-մշակութային համատեքստը։ Ակնհայտորեն մեծ ոգևորվածությամբ են բեմադրված հատկապես Լալայանցի խմբակային դիմանկարները որոնց անբռնազբոսիկ կեցվածքները, գունեղ տարազները ու լուսանկարվողների անկաշկանդ պահվածքը տեսախցկի առջև պատկերացում են տալիս Գյումրիի թե՛ ընտանեկան և թե՛ ընկերական խմբերի ներքին ու սոցիալապես սահմանված հարաբերությունների մասին։ Հատկանշական է որ այս դիմանկարների մեծ մասը ունի տոնական բնույթ ու ներկայացնում է (գերազանցապես տղամարդկանց դեպքում) տաղավարում բեմադրված խնջույքների տեսարաններ։ Ընկերական կապերի կամ զուտ «լավ տրամադրության» այս կարգի հուշագրումները մատնանշում են որ լուսանկարչությանը Հայաստանում արդեն իսկ 20-րդ դարի սկզբում գործածվում էր տեղացիների կոցմից որպես անձնական պատմագրության կարևոր և անհատականացված միջոց։

Ելնելով Ս. Լալայանցի պահպանված աշխատանքներից ենթադրում ենք որ նրա ձեռնարկությունը գոյատևել է մինչև 1910-ականների սկիզբը։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան

Լուսանկարչատուն

Ա. Լալայանց

Հավաքածուներ

Ժողովրդական Ճարտարապետության և Քաղաքային Կենցաղի Թանգարան, Գյումրի Հայաստանի Պատմության Թանգարան, Երևան