Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ս. Գրամատիկոպուլո

1900 - 1910 թվականներ

Ռուսական կայսրության կազմում գտնվող հայկական մարզերի քաղաքների` Երևանի, Ալեքսանդրապոլի, Գավառի և Կարսի բնակչությունը 19-րդ դարի վերջին բաղկացած էր տարբեր ազգություններից, ընդ որում հույներից։ Այս քրիստոնյա համայնքը անմիջականորեն ներգրաված էր հատկապես Կարսի և Ալեքսանդրապոլի մշակութային ու քաղաքային կյանքում և սերտ հարաբերություններ ուներ տեղի հայ բնակիչների հետ։ Հայերի հետ մեկտեղ, հույները նույնպես ակտիվ էին լուսանկարչության ոլորտում և տնօրինում էին 1880-1920-ականներին գործող առավել ճանաչված լուսանկարչատներից մի քանիսը։ Դրանց թվում էր Ս. Գրամատիկոպուլոյի «Կենտրոնական լուսանկարչատունը» Կարսում։ Դատելով պահպանված լուսանկարներից, հաստատությունը հիմնադրվել էր 1900-ականների սկզբին և գործել է մինչև Համաշխարհային Մեծ Պատերազմի տարիները։ Այն գտնվել է Կարսի կենտրոնական փողոցներից մեկի` Ալեքսանդրովսկայայի վրա։ 

Գրամատիկոպուլոյի տաղավարում պատրաստված լուսանկարների գերակշռող մասը կաբինետային դիմանկարներ են և մեծադիր խմբակային լուսանկարներ։ Ինչպես երևում է կերպարների հանդերձներից և լուսանկարների մակագրություններից, նրա հաճախորդների մեջ զգալի թիվ էին կազմում ռուս կայանազորի ծառայողներն ու նրանց ընտանիքները։ Ինչպես փաստում է լուսանկարչատան կնիքը, Գրամատիկոպուլոն պարգևատրվել է Կովկասում, հատուկ կայսերական ներկայացուցչի` իշխան Վորոնցով-Դաշկովի կողմից, հավանաբար բանակին մատուցած ծառայությունների համար։ Այնուամենայնիվ, լուսանկարչի այցելուները հիմնականում եղել են Կարսի հայ, հույն ինչպես և վրացի բնակիչները։

Կարսի հայազգի լուսանկարիչների պես, Գրամատիկոպուլոն կահավորել է իր տաղավարը ըստ ժամանակի պահանջների և առաջարկում էր նաև լուսանկարների բնական չափսերի խոշորացումներ։ Այստեղ առկա էին մի քանի տեսակի ետնապատկերներ, դեկորացիաների պիտույքներ ու կահույք։ Դրանց գործածումը զուտ պայմանավորված էր հիմնականում հանդիսավոր միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ և Գրամատիկոպուլոյի դիմանկարները չեն դրսևորում այլ ստեղծագործական ձգտումներ։ Նրա լուսանկարները կարևոր պատմական, ազգագրական և մշակութաբանական տեղեկություններ են հաղորդում այս սահմանամերձ քաղաքի բազմամշակութային հասարակության փոխառնչությունների, առօրյա կյանքի ու սովորույթների մասին 20-րդ դարի սկզբում։ 

Ազգություն

հույն

Տարածաշրջան

Հայաստան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Կարս

Լուսանկարչատուն

Ցենտրալնայա Ֆոտոգրաֆիյա

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Ժողովրդական Ճարտարապետության և Քաղաքային Կենցաղի Թանգարան, Գյումրի Հայաստանի Պատմության Թանգարան, Երևան Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի