Հայկ Լևոնի Բարսեղյան
ծն․ 1990
2000 - 2010 թվականներ
Երիտասարդ, ինքնուս լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի աշխատանքներին բնորոշ է թե՛ արտակարգ տեխնիկական վարպետությունը, թե՛ հասարակայնորեն խիստ ներգրավված տեսանկյունը: Ժուռնալիստի ընտանիքում ծնված Բարսեղյանը մեծացել է երկրաշարժից բեկված Գյումրիում, և իր աշխատանքներում ասես փորձում է հասկանալ և վերլուծել այն թե ինչ է նա իրականում «ժառանգել» նախորդ սերունդներից:(1) Հետևաբար, նրա գործնեությունը լուսանկարչության ասպարեզում միտված է ներազդելու հասարակական և քաղաքական գործընթացների վրա։
Բարսեղյանի լուսանկարներում հատուկ տեղ է գրավում Գյումրիի ուրաբնիստական և արդյունաբերական լանդշաֆտը, ինչպես և սոցիալապես անապահով ընտանիքների թեման: Այդ աշխատանքներն անխտիր պատկերում են քաղաքի առկա` ծանր տնտեսական և մշակույթային իրավիճակը։ Չնայած իրենց հետաքնչական և ճանաչողական գործառույթներին, Բարսեղյանի այդ լուսանկարներն առանձնանում են նաև իրենց հետաքրքիր գեղարվեստական լուծումներով։ Նա հաճախ գործածում է լայնանկյուն օբյեկտիվներ ու գունային սուր հակադրություններ՝ իր պատկերներին հաղորդելով մասշտաբայնություն և դրամատիզմ։ Նման լուծումը հատկապես հաջողված է Բարսեղյանի՝ Գյումրու ժամանակավոր կացարաններում (դոմիկներում) բնակվող մարդկանց կենցաղն ու առօրյան ներկայացնող շարքում (2013-16):(2) Նեղ, անհարմար սենյակներում խցկված ընտանիքների միջավայրը` լուսանկարների միջոցով, գրեթե ֆիզիկական ուժգնությամբ փոխանցվում է հանդիսատեսին։
Բարսեղյանի սուր քննադատական հայացքը նաև առկա է հեռուստատեսային բնագավառում, որտեղ նա համա-հեղինակել է «SOS» քաղաքական, երգիծական-վերլուծական հեռուստաշարը։
1) Բարսեղյանի հայրը, հայտնի Գյումրեցի լրագրող և հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանն է։
2) Գագիկ Աղբալյան, «Հայկ Բարսեղյան. 25 տարի ապացուցել են, որ զիբիլ են», 19.02.2014, www.armtimes.com, http://www.armtimes.com/hy/article/48224
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Հայաստան
Քաղաք
Գյումրի
Մասնագիտացում
վավերագրական
Մեդիա
թվային լուսանկարչություն
Մատենագրություն
Աղբալյան, Գագիկ։ «Հայկ Բարսեղյան։ 25 տարի ապացուցել են որ զիբիլ են», www.armtimes.com, 19 փետրվար, 2014, http://armtimes.com/hy/read/48224
Ցուցահանդեսներ
2011: «Արդյունաբերական սիմֆոնիա», խմբակային ցուցահանդես, ՆՓԱԿ, Երևան
2014: «Նրանց տուն է պետք», անհատական ցուցահանդես, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գրասենյակ, Երևան
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան